Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տղերք, ի՞նչ քաղաք է սա,և որտե՞ղ են իջնում օտարականները:

Մարդիկը ձայն չհանեցին։


— Ձեզ եմ ասում, տղերք, չե՞ք հասկանում։


Ձայն չկա։


Երևի խուլ են, մտածեց Արեգը և գնաց ձեռը դիպցրեց նրանց։


— Ո՜վ երկինք,— բացականչեց Արեգը,— այս ի՞նչ եմ տեսնում. այս ի՜նչ հիանալի արձաններ են, իսկ ես կարծեցի, թե ուղիղ մարդիկ են։ Այս ինչքա՜ն ճարտար քանդակագործ է եղել սրանց շինողը...


Արեգը կարծելով, թե իր տեսածներն ուղիղ շինովի արձաններ են, ներս մտավ քաղաքը և նրա առջևը բացվեցին նորանոր տեսարաններ, բոլորն էլ քարեղեն։


Ահագին շուկա, կարգին խանութներ, թե կրպակ, թե տուն, թե կատու, թե շուն, ուտելիք ու հագնելիք, գեղեցիկ գորգեր և ուրիշ զարդեր... բոլորը, բոլորը քարացած։ Ոչ ծուխ, ոչ կրակ, ոչ ձայն, ոչ շունչ... կյանքի հետք ու նշույլ չկա...


— Ես հիմա հասկացա, սա է Աղավնի աղջկա ասած քարե քաղաքը,— ասաց Արեգը և սկսեց շրջել քաղաքի մեջ, ուր ամեն մի քայլափոխում մի նոր տեսարանի էր հանդիպում։


Մի տեղ մի խումբ մարդիկ կանգնած՝ որպես թե իրար հետ խոսում են, մեկի դեմքը բարկացած է և բերանը բաց, կարծես մյուսին հայհոյում լինի. մեկը ծիծաղում է, մյուսը լաց է լինում• մի կին՝ երեխան զրկած՝ ողորմություն է ուզում, մի տեղ հարսանիքի հանդես է իր ամեն սարք ու կարգով, հարսին տանում են փեսայի տուն։ Մեկ խոսքով՝ եթե շարժման մեջ եղած մի քաղաք մի վայրկյանում տեղնուտեղը քարանա, ինչ պատկեր կստանա, ահա այդպիսի մի պատկեր էր ներկայացնում քարացած քաղաքը։ Մրգավաճառը միրգը քաշել է և կիսով չափ ածել առնողի զամբյուղը, մինչև մյուս կեսն ածելը՝ քարացել են՝ ինքն էլ, կշեռքն էլ, առնողն էլ, միրգն էլ. ահա այսչափ արագ էր եղել քարանալը։


— Խե՜ղճ մարդիկ,— ասաց Արեգը,— հող դառնալու էլ չեք արմանացել, այլ դառել եք ծախու ապրանք։ ճշմարիտ, եթե մեկն այս անթիվ արձանները կարողանար տանել հեռու աշխարհքներ վաճառելու, անչափ հարստություն կդիզեր։ Ահա այն նորապսակ աղջկա արձանին՝ ով գիտե՝ իր քաշովը մեկ ոսկի կտային։ Բայց