Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղեդի, որ մարդ լսելուց չէր կշտանում։ Այդ մեղեդին յուր եղանակը փոխում էր փլած քամու կամ հովի փոխվելու հետ…

Այսպես Ուխայը ամեն ինչ ուներ, բայց բոլորն էլ ճարտարության գործ էր և ոչ բնության։ Մի կին ուներ միայն, որ ճշմարիտ, իսկական կին էր, շատ գեղեցիկ և խելոք, և հմուտ յուր մարդու բոլոր գիտությանը և արվեստին։ Նրանք չունեին ոչ խոհանոց, ոչ խոհարար և ոչ ծառա։ Ճաշելու ժամանակ սեղան էին նստում և ինչ որ ուզում էին, իսկույն դրվում էր սեղանի վրա ոսկեղեն ամաններով։ Քաջիկը ոչ տեսած և ոչ էլ լսած էր, այնպիսի համադամ կերակուրներ կային։ Եթե նրա սիրտը երբեմն յուր թանապուրն էր ուզում կամ մախոխը, իսկույն դրվում էր նրա առաջին։ Երբ որ ծարավում էին, վերցնում էին դատարկ բաժակը և նա իսկույն լցվում էր պարզ ու զովարար ջրով։ Հագնել էին ուզում, իսկույն պատրաստ էր լինում հագուստը, ինչ ձևի և ինչ կտորից որ ուզենային։ Եվ այսպես ամեն ցանկության, ամեն փափագ կատարվում էր իսկույն ևեթ։ Քաջիկին սկզբում շատ տարօրինակ էր թվում այս ամենը, բայց հետզհետե ընտելացավ և հաշտվեցավ այս զարմանալի վիճակի հետ։

Այսպես մի քանի օր ա նցավ, Ուխայն ասաց Քաջիկին. — Տես, ահա մենք որդի չունինք, եթե դու լավ սովորես իմ արհեստը, ես քեզ կորդեգրեմ, դու կդառնաս իմ որդին և կպահպանես ինձ և իմ կնոջը մեր ծերության ժամանակ։

Այս հույսով Ուխայն սկսեց սովորեցնել Քաջիկին յուր կախարդության արհեստը։ Նա սովորեցնում էր կերպարանափոխվելու հնարքը, թե ինչպես մարդը յուր ուզած բանը դառնա, օրինակ՝ ձի, թռչուն, քար, ծառ և ուրիշ բան, ինչ որ ուզենա։

Ամեն մի ջոկ բան դառնալու համար մի ջոկ ասելիք կար, այն ասելիքը որ սովորեր և ասեր, իսկույն կդառնար յուր ուզած բանը։

Քաջիկն սկսեց սովորել և վարժության համար ինչ ասես դառնում էր — ձի էր դաոնում և չափ ընկնում դեսուդեն, մուկն էր դառնում, ծակուծուկ մտնում, կատու էր դառնում, մլավում, շուն էր դառնում, հալում, թռչուն էր դառնում, թռչում, ծառ էր դառնեւմ, ճղները տարածում դեսուդեն, քար էր դաոնում, մի տեղ ցցվում կամ վայր ընկնում, դերվիշ էր դառնում և չանաղը ձեռքն առած երգում, փայ ոզում, աշըղ էր դառնում, սազ ածում և խաղ ասում կամ մի ներ մարաքա սարքում․․․