Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկավառակը վերցրել է, ուղեղի վրա մի ինչ որ բղոճ կա, ուզում է մաշով վերցնել, բայց բղոճը չանգերը մեկնում է ուղեղի փառի վրա, բժիշկը ետ է քաշում մաշան։ Ետ քաշելու պատճառն այն էր, որ բժիշկն ուզում էր բղոճն այնպես վերցնել, որ նա յուր չանգերով ուղեղի փառը չպատռե։ Քաջիկը երբ որ տեսավ, թե շատ է չարչարվում բժիշկը, և հնար չունի անվնաս վերցնելու բղոճը, էլ չդիմացավ և բղավեց տան հերթիկից.

— Մաշան տաքացրո՜ւ, վարպե՜տ, մաշան տաքացրո՜ւ…

Այս որ լսեց բժիշկը, ունելին (մաշան) դեն գցեց և դուրս եկավ։ Քաջիկն էլ տանիքից իջավ և փախավ, կարծելով, թե վարպետը դուրս եկավ, որ բարկանա վրան կամ ծեծե։ Մի ժամու չափ թաք կացած մնաց Քաջիկը, հետո կրկին սրտապնդեց և բարձրացավ տանիքի վրա, որ տեսնե, ի՛նչ արավ վարպետը։ Նայեց տեսավ, որ վարպետը չկա, իսկ հիվանդը միևնույն դրության մեջ թմրած ընկած է։ Այս որ տեսավ, իջավ տանիքից և ներս գնաց, մաշան տաքացրեց և բղոճի միջքին դրավ թե չէ բղոճը չանչերը ներս քաշեց, կուլ եկավ, և Քաջիկը վեր առավ դեն ձգեց։ Սկավառակը դրեց տեղը, դեղը քսեց, փաթաթեց, հոտ տվավ հիվանդի քթին, և նա իսկույն փռշտաց, վեր կացավ և ինքն իրան բոլորովին առողջ զգաց։

Հիվանդին բժշկելուց հետո Քաջիկը գնաց յուր վարպետին փնտրելու։ Շատ ման եկավ, և ամբողջ կղզին տակնուվրա արավ, բայց վարպետին չգտավ։ Ետ դառնալիս Քաջիկը տեսավ մի արձանի վրա գրված հետևյալ ոտանավորը.

Մարդս ինչքան էլ լինի գիտնական,
Նրա ուղեղը մազի է նման,
Մի չնչին բանից մաղը կըկտրի,
Եվ իմաստունը կըդառնա անբան։

Այս ոտանավորը կարդալուց հետո Քաջիկը մտածեց, թե չլինի՞ յուր վարպետը խելագարվել է և ինքն իրան ծովն է ձգել: Եվ ով գիտե, գուցե հենց այդպես էլ էր։

10

Բժշկի անհայտանալուց հետո Քաջիկն ընկավ խոր տխրության մեջ։ Ինչ չարաբախտ աշակերտ եմ ես, ասում էր ինքն իրան. առաջին վարպետին կրակն ընկավ, սա էլ ընկավ ջուրը.