Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերցված, և նա կտանի ինձ առանց հոգնելու մինչև Հնդկաստանի սահմանը, այնտեղ, ուր գտնվում է քո ասած երեք հրաշալիքները։ Եվ ես կբերեմ այդ բաները։


Եվ դառնալով եղբորը` Ֆարուզին, ասաց.


— Իսկ դու, սիրելի եղբա՜յր, կմնաս մեր քրոջ մոտ, որ նրան պահես։


Այս ասելուց հետո վազեց ձիու մոտ, ցատկեց վրան և այնտեղից կռանալով՝ համբուրեց եղբորն ու քրոջը, որ արտասվալից աչքերով ասաց.


— Մի՛ գնար այդ վտանգավոր ճամփով, իջի՛ր ձիուցդ։ Ես չեմ ուզի տեսնել ո՛չ Խոսող Թռչունը, ո՛չ Երգող Ծառը և ո՛չ էլ Ոսկեցնցուղ Ջուրը, միայն թե չբաժանվիմ քեզանից և կարոտդ չքաշեմ։


Բայց Ֆարիդը էլի մեկ անգամ համբուրեց նրան և ասաց.


— Սիրելի քույրիկս, մի՛ վախենար, որովհետև բացակայությունս երկար չի տևիլ, և աստուծու օգնությունով՝ ինձ չի պատահիլ ոչ մի դժբախտություն։ Բայց, այսուամենայնիվ, որպեսզի դու քեզ չտանջես անհանգստանալով, ես քեզ կտամ, ահա, իմ դանակը։


Եվ գոտկից հանեց այն դանակը, որի կոթը զարդարված էր քրոջ աչքերից առաջին անգամվա ընկած մարգարիտներով, տվավ նրան և ասաց.


— Այս դանակս քեզ տեղեկություն կտա իմ մասին։ Ժամանակ առ ժամանակ կհանես պատյանից և կնայես սայրին։ Եթե սայը մաքուր լինը, ինչպես հիմա է, այդ նշան կլինի, որ ես ողջառողջ եմ, իսկ եթե դժգունացած՝ իմացած լինիս, որ ինձ մի դժբախտություն է պատահել, իսկ եթե արյուն կաթի բերանից՝ կարող ես հավատալ, որ ես չկամ այլևս։


Ասաց և չկամենալով ոչինչ լսել, ձին չափ գցեց այն ճամփովը, որ տանում էր դեպի Հնդկաստան։


Եվ գնաց նա քսան օր և քսան գիշեր անապատ տեղերով: Իր ճամփորդության քսաներորդ օրը հասավ մի լեռան ստորոտ, ուր կար ճոխ արոտամարգ և նրանում մի հատիկ ծառ։ Ծառի տակին նստած էր շատ զառամած մի ծեր կրոնավոր։ Նրա երեսը ծածկվել էր երկար մազերի և խիտ ունքերի մեջ։ Մորուքը շատ երկայն էր և սպիտակ, ինչպես նոր գզած բուրդը։ Ձեռներն ու ոտները չափից դուրս նիհար էին։ Ձեռքի ու ոտի եղունգները՝ շատ