Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աքլարներն ու ոչխարները ուխտավորների ձեռներիցը խլում են. մենք խոմ էնպես չե՞նք անում… Մի՛ վախենաք, էս մոմերն էլի ձեր մեռելների հոգու համար պիտի էրվին… Այս տեսակ խոսքերով նրանց սիրտը շահում էր պարզամիտ Արությունը, նրանք էլ հավատալով՝ դուրս էին գալիս մի ջերմեռանդ աղոթք անելուց հետո:

Վերջապես հոգևոր արարողությունն ավարտեցավ, ամենքն էլ քաշվեցան ծառերի տակը, մատաղները մորթոտեցին, կրակները վառոտեցին և բարեկամ բարեկամի գտնելով, ծանոթ ծանոթի, կազմեցին բազմաթիվ խնջույքներ: Տեր հորն ու Արությունին էլ հրավիրեցին մե սեղանի վրա, ուր հավաքված էին մինչև տասը–քսան գերդաստան, բոլորն էլ զանազան գեղերից, բայց ամենքն էլ միմյանց մոտիկ բարեկամ: Աղջկերքն ածում էին դահիրանաղարան և պարում, աշըղ Մավջութն ու իր աշակերտ Զուլային էլ իրանց սազի ու քյամանչի ձայները խառնում էին նաղարի դմբդմբոցի հետ, և երբ աղջկերանց պար գալն ընդհատվում էր, երգում էին հայերեն և թուրքերեն տեսակ-տեսակ խաղեր: Ամենքի երեսին դրոշմված էր ուրախության գծագիրը, ամենքի շրթունքների վերա երևում էր մի քաղցր ժպիտ: Սուփրան լիքն էր սպիտակ փափուկ հացերով, կաթնահունց նազուքներով, պանիրով և մատաղի խաշլամով ու խորովածով: Գինին այնքան շատ չէր, բայց էլի այնքան կար, որ երգ չգիտցողին անգամ երգել էր տալիս: Ով ինչ խաղ գիտեր, ասում էր, չնայած որ արդեն խաղ ասող աշըղ ունեին: Վերջը խնդրեցին տեր հորը, որ նա մի տեղ ասել տար Արությունին, որին արդեն շրջապատել էին իր մոտավոր ազգականուհիքը և փոխ առ փոխ գգվում ու համբուրում էին իբրև մի փոքրիկ մանուկի:

— Ասա՛, քե մատաղ, ասա՛, խի՞ ես ամանչում, դու մեր Ավետիքի տղեն չե՞ս… նա մի մարդ ա, որ խաղ ասելում հարյուր աշըղ կդնի ջեբը… Ադա Մանվե՛լ, վեր կաց գնա էրեխի կշտին նստի, որ ձայն պահես…

Այս խոսքերն ասողը մի քեթխուդա մարդ էր, իսկ Մանվելը՝ նրա որդին, որ Արությունին հասակակից մի պատանի էր, բայց ավելի առույգ, քան թե Արությունը, որ բավականին նիհար և տկար–առողջ էր:

Տեսնելով, որ տաղ ասելիս մի ուրիշ ընկեր պիտի ունենա, Արությունի սիրտն ահ ընկավ, թե չլինի, որ յուր անծանոթ Մանվելը ավելի լավ ձայն ունենա, քան թե ինքը, այդ պատճառով երբ