Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

այն, ինչին հասնում են այդ հերոսներն իրենց հրաշապատում սխրանքներով, այդ էլ մարմնավորում, արտահայտում է ժողովրդի դարավոր իդեալը, նրա երազանքը լավագույն կյանքի մասին:

Ընդհանուրի երջանկության հասնելու գաղափարով են տոգորված Աղայանի բոլոր հեքիաթները («Անահիտ», «Արեգնազան կամ կախարդական աշխարհը», «Եղեգնուհի», «Հազարան բլբուլ», «Արևամանուկ» և այլն), որոնց գրական հերոսները սխրագործություններ են կատարում հանուն այդ վսեմ գաղափարի, ընդդեմ չար ուժերի: Նրանք անվեհեր ու քաջ են և անպայման հաղթում են ամեն տեսակ թշնամիների, հնարագիտությամբ ու անվեհերությամբ ազատվում ամենավտանգավոր իրադրություններից, որպեսզի նորից հալածեն ու հաղթեն հակառակորդներին:

Աղայանի աշխարհայացքի համար բնութագրական է, որ նրա հեքիաթների դրական հերոսները մեծ մասամբ աշխատավոր ժողովրդից են սերվում, իսկ եթե նրանցից մի քանիսը թագավորական-իշխանական տոհմից են, ապա իրենց վարքով ու վարմունքով ոչնչով նման չեն ժողովրդի գլխին նստած իրական չար ու դաժան իշխողներին, թեկուզև կրելիս լինեն նրանց անուններն ու համազգեստը, ինչպես օրինակ «Անահիտ»-ում՝ Վաչագանը, «Արեգնազան կամ կախարդական աշխարհ»-ում՝ Անդաս թագավորը և այլն:

Աղայանի հեքիաթներում դրական ու գլխավոր հերոսի դերում հանդես են գալիս և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Նրանց հեքիաթային գեղարվեստական կերպարներն արտահայտում են Աղայան մանկավարժի դաստիարակչական գաղափարները՝ կանանց ֆիզիկական և հոգեկան-մտավոր ուժերի զարգացման հնարավորությունների մասին, նրա հայացքն այն մասին, որ կինը հասարակական կյանքում կարող է հավասարազոր լինել տղամարդուն: Վերջինիս համար սիրո երջանկության աղբյուր, իր զավակների համար՝ սիրասուն ու գորովագութ մայր լինելով հանդերձ, կինն իր մտավոր կարողություններով էլ կարող է ամենևին չզիջել տղամարդուն, իսկ երբեմն նույնիսկ ավելի առաջավոր լինել: Կանացի այդպիսի կերպարներ կան, օրինակ, «Անահիտ», «Արեգնազան», «Եղեգնուհի» և մյուս հեքիաթներում: Ահա՝ Անահիտը, Հացիկ գյուղի նախրչի Առանի աղջիկը, նա սոսկ աշխատասիրության ու առաքինության մարմնացումը չէ, կախարդական գեղեցկության հետ միասին, նա օժտված է նաև այնպիսի խելքով, որի մասին հրաշքներ էին պատմում դեռ այն ժամանակ, երբ նա գյուղումն էր: Անահիտը միաժամանակ քաջասիրտ է ու անվեհեր, նա իր զորքով գնում է և զենքի ուժով, անձամբ կռվելով, խորտակում է Պերոժ քաղաքի ստորերկրյա դժոխքը, տանջանքից ու գերությունից ազատելով անթիվ անմեղ մարդկանց:

Աղայանը ժողովրդական հեքիաթի գեղարվեստական մշակման առաջին մեծ վարպետն է, հայ հեքիաթագրության հիմնադիրը: Նրա սկսած գործը վարպետությամբ շարունակեցին Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը և ապա՝ Ստ. Զորյանը:

Աղայանի հեքիաթները մի անգամ ևս վկայում են այն սերտ օրգանական կապի մասին, որ ունեցել է նա ժողովրդական բանահյուսության հետ: