Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ինչո՞ւ այսպես սառնությամբ է վարվում ինձ հետ, իմանալով, որ ես այստեղ օտար եմ. պետք էր որ գգվեր ինձ, ինչպես իմ մյուս բարեկամներս անում էին պատահած ժամանակը։ Ես սկսեցի ավելի խոր նայել երեսին և անշարժ կանգնել։ Նա դուրս եկավ ճանապարհից, վեր բերավ ուսից յուր արծաթաբանդ հրացանը, աղզոթուն[1] նայեց և գրավ կշտին։ Նա նստած էր։ Հանեց քամակից քաշ արած մաշկեկի միջից ատրճանակը և այն էլ դրավ մոտը։ Հետո կրկին նայեց ինձ և մի խոր հառաչանք արձակեց կրծքից՝ քանի մի կցկտուր խոսքերի հետ, և ապա՝ դառնալով դեպի ինձ, ասաց.

— Բալա՛ ջան, գնա՛ տերտերիդ ասա, գա ինձ հաղորդի։

Ես սկսեցի զարմանալ և անշարժ մնալ։ Այս մարդը հիվանդ չէ, մի բան չէ, ինչի՞ է ուզում հաղորդվիլ, ասացի ինձ։ Բայց նա կրկնեց իր խնդիրը։

— Գնա՛, բա՛լա ջան, գնա՛։ Ես հեռու տեղ պիտի գնամ, կարելի է ի՛նչ պատահի ճանապարհին, դրա համար ուզում եմ հաղորդվել։

Ես հնազանդեցա և հազիվ երկու երեք քայլ հեռացել էի, հանկարծ թնդաց ատրճանակը և գյուղացիք դիմացեն նկատելով, սկսեցին վազել դեպի իմ անծանոթ բարեկամս։ Այս ժամանակ ես ետ նայեցա և երիտասարդի կուրծքը արյունաթաթախ տեսնելով, ուշագնաց ընկա վայր։

Բ

Աշունք էր։ Մի անտառուտ ձորամիջում մեծ խարույկ էին վառել ութ գիշերեզնարած, որոնք, մին քան զմյուսը, հաստաբազուկ և քաջառողջ երիտասարդներ էին։

— Տղե՛ք, ի՞նչ սազ կգա էս կրակին,— ասաց նրանցից մինը, ընդհատելով հասարակաց խոսակցությունը։

— Լավ խո՛զ,— պատասխանեցին մի քանի հոգի միաբերան։

  1. Ղզոթի, աղզոթի — հրացանի կայծքարի մոտի նեղ անցքն է, ուր լցնում են վառոդով, հրացանը լցնելուց հետո, այդ աղզոթու վառոդը կայծից բռնկվելով, տրաքացնում է հրացանը։