Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դիփ սուտ, աստված ըղորդ։ Օլաջաղա չարա յոխ։ Ինչ որ լինելու է, կըլի, երազի ըռխին չի մտիկ տալ։

Այս միջոցին կաթսայի գնացողները եկան։ Հացաղ (աղ), ջրաման էլ էին բերել, ու մի ուրիշ կապոց էլ դրին Արզումանի առաջ։ Արզումանը բաց արավ այդ ծրարը և նրա միջից հանեց մի եփած չաղ հավ ու մի քանի հատ գաթա։ Արզումանը իսկույն իմացավ, թե ինչ տեղից պետք է լինի այդ, և թեև շատ ուրախացավ այդպիսի հուսո նշաններ ընդունելով, բայց՝ այսուամենայնիվ, սաստիկ բարկացավ, որ իր հրամանը ճշտիվ չեն կատարել գնացողները։

— Տղե՛ք, դուք մեր անունը պետք է խայտառակեք,— ասաց Արզումանը բարկանալով։— Ես ձեզ ասեցի էնպես պետք է մտնեք գեղը ու էնպես դուս գաք, որ մի շուն, մի կատու էլա չիմանա, ձեզ ինչպե՞ս գտան, որ էս բաներն ուղարկեցին։

— Ա՛ստվա՜ծ, ե՛րկինք, Արզուման, մի հոգի էլա չի իմացել։ Մենք ամեն բան վեր կալած Նեսունց տան կշտովն անց էինք կենում, մեկ էլ տեսնենք մթնումը չափարի տակին մի շվաքի պես բան է երևում․ մոտեցա, տեսնեմ մի հարս։ Ես ասի հրես կփախչի որտեղ որ է, բայց նա փեշիցս բռնեց ու էդ տվավ ինձ լուռ ու մունջ, առանց մի խոսք ասելու։ Հետո ես ճանաչեցի, ասի, դու Մարիամն ես. նա գլխով արավ ու փախավ։

Արզումանը գլուխը քաշ գցեց ու հառաչելով փնթփնթաց քթի տակին․ «Երա՜զ, երա՜զ»։

Այս ժամանակ հրացանների ձայներ լսվեցին։ Տղերքը հանկարծ վեր թռան տեղերիցը և սկսեցին կասկածել՝ թե չլինի իրանց ընկերների վրա հարձակվեցին այդ մարդասպան գործիքները, բայց սրա վրա շատ չանցավ, հաղողի գնացողներն եկան։ Շալվարների լեն փոխկերքը հաղողով ու խնձորով լցրել ու խուրջինի պես ուսներին էին գցել։ Բեռը ցած դրին ու կարմրած երեսներից քրտինքը գտակներովը սրբելով՝ նստոտեցին կրակի ղրաղին։

— Տղե՛ք, ոչով հո չտեսա՞վ ձեզ,— հարցրեց Արզումանը։

— Բաղվանչին տեսավ․․․ վա՜յ էն տեսնելուն, որ տեսավ․․․ իրան մահը տեսավ․․․ աշխարհքը գլխին մթնեց, մեզ չճանաչեց,— ասաց գողերից մինը հոգնածությունից շնչարգելվելով։