Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օձն իրա փորովը չէր կարող դրա վրայով ներս թափանցել: Ժամանակով մեծ տուն էր այդ տունը: Մի անգամից ութ-ինն օրորոց էր օրորվում այդ տանը, չորս-հինգ թորոն հաց էր թխվում աստծու օրը: Երկու գութան էր դուրս գալի այդ տանիցը, վաթսուն գլուխ կով ու գոմեշ էր կթվում, սուրվով ոչխարներ, բոլուկներով խոզեր, իլխիներով ձիաներ էին պահում: Այդքան ապրանքի կառավարության համար ոչ մի վարձկան ծառա չունեին: Տասն ախպեր էին որդոց ու թոռանց տեր, որոնց թիվը հասնում էր մինչև յոթանասունի: Բայց երբեք չէր պատահում, որ դրանք ամենքը միասին երբևիցե մի սուփրի վրա գտնվին, միասին իրանց նահապետի չորս կողմը ժողովվին: Մի քանի հոգի տարվա մեծ մասը սարերումն էին անցկացնում, ըստ որում ոչխարներ էին պահում. մի քանիսը, որպես տավարած՝ գոմերումն էին մնում, որ մի ավուր չափ հեռու էր գյուղիցը, մնացածներն էլ հեռավոր դաշտերում վարուցանքով էին պարապում: Այս հանգամանքը այն վատ կողմն ուներ, որ վայրենության մեջ էր ձգում նրանց, հեռու պահելով տնական և հասարակական կյանքից. բայց մյուս կողմանե այն լավությունն էլ ուներ, որ տան բոլոր անդամները իրարմե հեռու մնալով միշտ իրարու կարոտ էին քաշում և միմյանց հետ սիրով մնում: Ահագին մեծություն ուներ այդ տան շինությունը, և եթե այդպես շեն չլիներ, մտնողի վրա սարսափ կբերեր, հիշեցնելով հեքիաթների մեջ եղած դևերի բնակարանների:

Հարյուր երեսուն տարեկան էր, որ մեռավ այս տան վերջին նահապետը և ինքը Հոբ Երանելու պես ականատես էր յուր բոլոր ժառանգների և հարստության կարճ միջոցում ոչնչանալուն. և նրա պես աստծու փառքը իր բերնից չպակասեցրեց մինչև մահը: Ես շատ անգամ եմ տեսել այդ նահապետին: Հակոբ էր նորա անունը և միշտ միտս էր գցում հրեից Հակոբ նահապետին: Շատ անգամ եմ համբուրել նրա ձեռքը և նա ինձ օրհնել է: Նրա օրհնությունը մեծ տպավորություն էր գործում իմ մանկական սրտի վերա: Սուրբ էր համարվում դրանց օջախը և սովորություն կար գյուղի մեջ, նորապսակ հարս ու փեսաներին եկեղեցուց դուրս բերելուց հետո, կբերեին դրանց օջախը համբուրելու: Չոքում էին նորապսակները,