Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ անխելքն իր անբախտությանը։ Այս վերջին տեսակիցն էր Շամիրը, որ երևակայելու շնորհք ունենալով՝ միշտ վատ բան էր երևակայում, փոխանակ արքայություն երևակայելու, միշտ դժոխք էր երևակայում, փոխանակ բարի հրեշտակի՝ չար սատանա, փոխանակ բարեգործության՝ եղեռնագործություն, փոխանակ սիրո և փաղաքշանքի՝ ատելություն և կոպտություն։ Շամիրը միշտ երևակայում էր, որպես թե իր կինն իրեն անհավատարիմ է գտնվել, սկսում էր պռոշները կծոտել, ատամները կրճտացնել, կնոջ ննջարանը չերթալ, ինքն իրան խռովել, մոռանալով՝ որ իրականի մեջ այդպիսի բան չկա, որ այդ իր ցնորքն է։ Մի մարդ, որ առանց որևիցե պատճառի այսչափ կասկածոտ, այսչափ խային ու նախանձոտ լինի, ի՛նչ կլինի նրա դրությունը, եթե երբևիցե իր երևակայությունը իրականի փոխված տեսնի։

«Ճրագը վառված էր, ինչո՞ւ հանկարծ հանգավ, ո՞վ պիտի լինի յարաբ էս եկողը։ Ախմա՛խ, ախմա՛խ Շամիրս,— գլխին զարկելով՝ բացականչեց Շամիրը։— Ես ինչի՞ թխթխկացրի, ինչի՞ փախցրի որսս»։ Այսպես շարռւնակ քանի մի ժամ սկսեց երթևեկել և մռթմռթալ ինքն իրան։

Մարիամն իմացավ, որ իր մարդը մի բանի հոտ է առել, և սկսեց հարց ու պատասխանով իր դատավճիռը հորինել։ Հերիքնազը կատաղում էր ինքն իրան և անմեղությամբ երևակայում էր, որ եթե բանը դեպի վատը երթա, ինքը կասի ճշմարիտը և կսպառնա անգամ Շամիրին, թե ինքը մի տղայի սիրել է և նրան է ուզում, ուրեմն նրա կասկածներն ու միջամտությունն այստեղ ավելորդ են բոլորովին։

Մարիամը տեսավ, որ մարդը շատ է ուշանում, մտածեց որ իր հարաբերությունը սովորականից չփոխի և ստիպի նրան ներս գալ։ Գնաց ձին առավ ձեռքիցը, ասելով «քանի՞ ման ածես»․․․ Մարիամը ձին տարավ գոմը։ Շամիրը մնաց մի առժամանակ տեղն ու տեղը փետացած։

Թարաքամի շունը քաղաք մտած ժամանակ, պոչը փորի տակն է գցում և այնպես կուչ գալիս, որ տեսնողն ասում սրա պես խեղճ ու վախկոտ արարած չկա աշխարհիս երեսին։ Բայց եթե այս միևնույն շանը տեսնես իր սովորական տեղը, իր ոչխարի մոտ, իր տիրոջ տան առջև, բոլորովին այլ հասկացողություն