Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ու կերթամ» ասաց ինքն իրան. «չզարթացնեմ սրանց, մեղք են։ Բայց ի՛նչպես բան անեմ որ սրանք էգուց իմանան, որ ես եկած եմ էլել»։ Մտածեց, որ մի թել կապի Հերիքնազի մատին։ Տրխի թելի ծայրիցը կտրեց և անցավ Հերիքնազի կողմը։ Հերիքնազը կիսով չափ բացվել էր, ձեռքերը կուրծքին դարսել։

Արզումանը ձեռքը մեկնեց, բայց ձեռքը էլեկտրական հարված ստացածի պես սկսեց դողդողալ։ Նա ետ քաշեց իր կոշտացած ձեռքը և գլուխը մոտեցրեց, որ լեզվով կամ շրթունքներով վերցնի Հերիքնազի քնքուշ ձեռնիկը։ Բերանը բաց արավ Արզումանը ու կամացուկ դրավ Հերիքնազի թաթիկին։ Նրա գլուխը ծանրացավ, էլ չկարաց բարձրացնել։ Հերիքնազի երազը այդ ժամանակ փոխեց իր կերպարանքը. նրան թվում էր, որպես թե մի ծառի տակ պառկած է մեջքի վրա և փոքրիկ երեխայի իր կրծքին բռնած խաղացնում է։ Երեխան թրթռում է յուր կուրծքի վրա և ինքն էլ «պապար-պապար» է երգում։ Բայց հետզհետե սկսեց բեզարել, շնչառությունը ծանրացավ։ Ուզում էր թողնել երեխային և գլուխը բարձրացնել, բայց չէր կարողանում։ Նրա երազական տեսությունները սկսան փույթ առ փույթ փոփոխվիլ. նրան ճնշում են, խեղդել են ուզում։ Վերջապես կարողացավ բղավել Հերիքնազը։ Արզումանը կայծակի արագությամբ բարձրացրեց գլուխը և տեղը հանդարտ նստեց։ Նա անկողնակալի գլխի կողմն էր, նրան չնշմարեցին։

— Ա՛խչի էդ ի՞նչ էր, ինչի՞ ծիկա տվիր,— ասաց Մարիամը զարթնելով։

— Ոչինչ, երազումս էի,— պատասխանեց Հերիքնազը, երեսը շրջելով քրոջ կողմը։

— Երեսիդ խաչ հանի։

— Անուն հոր, և որդո և հոգուն սրբուն, ամեն. խաչ, օգնյա՛ ինձ. Ամենակալ տեր, թող զմեղս իմ։

Այսպես, ինչքան աղոթք գիտեր, մրմնջաց Հերիքնազը և ամրապես գգվելով իր քրոջը, կրկին քնի մեջ մտավ։ Մարիամի քունը փախավ. էլ չկարացավ քնել։

— Մարիա՜մ, քնած ես, թե զարթուն։

— Արզուման, դու ե՞ս,— ասաց Մարիամը։

— Ես եմ, հո չեք բարկանալ իմ գալուս համար։