Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

երթան իրենց աշխարհքումը իմաց տան։ Ասում են այս դեպքից հետո էլ լեզգու երես չտեսանք։ Պողոսի համար նույնպես պատմում են, թե ինքն ու իր նշանածը (հարսնացուն) իրարու կուռ բռնած՝ էդ ուրդովը անց կենալիս են էլել, որ գնան սարու յալ, իրանց դագեքը։ Հանկարծ լեզգիքը շրջապատում են և ուզում են իրա նշանածը ձեռնիցը խլեն։ Քաջասիրտ Պողոսը խանչալը տալիս է իր նշանածին, ինքը թուրը հանում է ընկնում նրանց մեջ. վեցի գլուխն է կտրում, չորսի միջիցն է կիսում, բայց ավազակները շատ ժամանակ չեն տալիս. ութ-ինը հրացան մեկեն արձակելով գյուլլախորով են անում արի երիտասարդին։ Իր սիրելու մահը տեսնելով Պողոսի նշանածը՝ Զառին, ընկնում է խանչալի վրա և ինքն իրան սպանում։ Եվ այսպես երկու անարատ հոգիք անթառամ պսակին են արժանանում։ Եվ ամեն անգամ, այնտեղով անցնելիս, մեծերը պատմում են փոքրերին այս անցքը, որ մեծ տպավորություն է գործում լսողների վրա։


Բ

Վարդավառի շաբաթ օրն էր։ Սարու յալը, որ վարդի կոկոնի նմանություն բերող մի սար է, հեռվից նայողին այնպես է թվում, թե ահագին մեծության մի ծաղկափունջ է։ Ի՛նչ գույնի ծաղիկ ասես, որ նրա վրա չկար, մին քան զմյուսը պայծառ, մին քան զմյուսը հոտավետ։ Հարս ու աղջիկ զուգվել, զարդարվել էին այդ օրը և այդ սարը ծաղիկ քաղելու էին գնացել, որ մյուս օրը կատարեն վիճակախաղի հանդեսը։

Չգիտեմ ինչիցն է, ամեն տեղ վիճակախաղի հանդեսը Համբարձման տոնին են կատարում, իսկ Ղարաբաղ և նույն տեղից գաղթածները՝ Վարդավառին։ Այս էլ պետք է ասել, որ ոչ մի տեղ Վարդավառը այնպես փառավոր կերպով չի տոնվում, ինչպես Ղարաբաղում։ Նրանք չեն ասում Վարդավառ, այլ Վրթևուր, որ կնշանակե վարդավոր, և այս է հենց այս տոնի էլ պատմական նշանակությունը, որովհետև Վարդավորը Անահիտն էր, որ ուներ վարդի մատ և ասվում էլ էր Վարդամատն։

Ծաղիկ քաղողների մեջն էր և մեր Հերիքնազը, որ ամեն