Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Իր հետ մի խումբ աղջիկ առավ և սկսեր սարիցը վայր իջնել դեպի Հերիքնազը։ Ձիավորները Հերիքնազին չնկատելով` ուղղակի դիմեցին դեպի Մարիամի խումբը։ Նրանցից մինը վայր իջավ ձիուցը։ Մարիամը ճանաչեց, որ նա Արզումանն էր, և իսկույն մոտ գնաց բարևեց։ Արզումանը մի քանի խոսք ասազ Մարիամին և իսկույն ձին հեծավ ու կայծակի արագությամբ հեռացավ իր ընկերների հետ։ Աղջկերքը ուրդ հասան թե չէ՝ չավ արին ամեն տեղ, թե՝ Արզումանին տեսանք, Մարիամը նրա հետ երկար խոսեց, բայց մենք չիմացանք թե ինչ խոսեցին։


Գ

Այս շաբաթ երեկոյին մի առանձին ուրախություն և զվարճություն էր երևում սարեցոց մեջ, մանավանդ ջահիլ աղջիկների և տղաների։ Միակարգ շարված դագերի առջև խարույկները ավելի էին թեժացրել։ Կարմրաթուշիկ հարսն ու աղջկերք պատել էին կրակների չորս կողմը։ Մի տեղ շվի էին ածում, մի տեղ երգում, բայց ամենից շատ հավաքվել էին պառավ Հոռոմի մոտ, որ սկեսրություն և մայրություն էր անում ամենքին, և առանց նրա հրամանի ոչինչ անել չէին կարող մյուսները։

Երկինքը բավական պարզ էր այս գիշեր։ Թեպետ լուսինն արդեն անցել էր արևմտյան սարերի քամակը, բայց այնտեղից դարձյալ օգնում էր երկնքի պայծառ աստղերին և լուսավորում մոտակա սարերն ու ձորերը։ Բազումք աստեղատունը բավական բարձրացել էր և ցույց էր տալիս, որ մոտ է կես գիշերը, բայց այս գիշեր կարծես ոչ ոք մտադրություն չուներ քնելու։ Սրա պատճառն այն էր, որ առավոտյան արշալույսին աղջկեքը իրանց քաղած ծաղիկը պետք է տանեին յոթն աղբյուրի ջրով ցողեին. իսկ տավարածները պիտի աշխատեին նրանցից այդ ծաղիկը խլելու։ Սա մի կռիվ էր, որ կատարվում էր տղայոց և աղջկերանց մեջ, որից առաջ է եկել և կռվածաղիկ բառը։ Եթե աղջկեքը ծաղիկը խլել տան, պետք է տղաներին ընծաներ տալով՝ ետ առնեն։ Ընծան լինում է մի քանի ջուխտ նախշուն գուլպա և զանազան ուտելիք — ձվածեղ, սեր,