Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

— Քրքրվե՛ս դու, Մագթաղ, հիմիկվանից լացս բերում ես։ Ախչի, մեկ թող դեռ լավանամ. հետո աստված ողորմած է, նա իր ստեղծածին չի կորցնիլ։ Ինչ որ մարդիս ճակատին գրված է, է՛ն կլինի, հազար դու էլ ասա, ես էլ, մեր խելքն ի՞նչ է կտրում։ Հիմի ջանս սկսում է կոտրտվել երեկվա պես, ով գիտե էլի պիտի դողացնեմ...

— Օ՜ դրան դող կասեն, դեռ որտե՞ղ ես, ամեն օր կեսօրից հետո պիտի բռնի։

— Բա սրան մի դեղ, մի ճար չկա՞։

— Դրա ճարն էն է, որ դողդ բռնի թե չէ՝ գնաս վրադ սառը ջուր ածես, էնքան պիտի ածես, որ ջանդ սկսի զնգր զնգր դողալ։

— Ասում են՝ վախն էլ կպրծացնի, դու մեկ օր ինձ վախացրու, թաքուն սառը ջուր ածա վրաս, որ ես վեր թռչեմ․․․

— Էդ չէ, ասում են Նունիա մի տերտեր կա, նա աղոթում է թե չէ՝ իսկույն կտրվում է դողը։

— Դե էդ տերտերին որտե՞ղ գտնենք հիմի։ Արի մի ջրաման վերցնենք, գնանք ձորի աղբյուրը, էնտեղ դու ինձ վրա ջուր ածա՝ ինչքան որ գիտես։ Շուտ արա գնանք, քանի որ Մարիամը չի եկել, նա որ գա, էլ չի թողնիլ, միշտ ասում է՝ տաք պահիր քեզ, չմրսես։ Ըղորդ է ասում, էն օրը որ էն թաց տեղը քնած չլինեի, էս օրը չէի ընկնիլ։ Արի գնանք, հիմի ինչ կլինի կլինի կամ դես կկտրի, կամ դեն, ես մեռնելուց չեմ վախում, երանի շուտով մեռնեմ, էս աշխարհքիցս պրծնեմ, ի՞նչ աշխարհք է, որ սրան թամահ ենք անում, ապրում․ գնանք, գնանք։


Ե

Վարդավառից հետո սարեցիք լեռների գագաթներից վայր եկան և իրանց դագեքը սարքեցին մի անտառոտ հովտի մեջ։ Մինչև այս ուրդը փոխվելը շատերը դեռևս արանումն էին, բայց հիմա որ հունձն ավարտել, խուրձը կրել էին կալերի մոտ դիզել, ամենքն էլ եկել էին սար, որ մի քանի շաբաթ սառը ջրերի վրա, լեռնային զովաշունչ օդի մեջ հովանան։ Գյուղացոց այս սովորությունը ամենայն տարի կրկնվում է միակերպ։