Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էդ լավ դատաստան է, Պետրոս, բայց ամեն անգամ չի մարսվում։ Դրանից սիրտ առած՝ Սուլխանովին էլ ծեծեցինք, բայց քիչ մնաց Սիբիր էին ուղարկում։ Ուղարկեին էլ, ո՞վ պիտի ասեր՝ ինչի՞ եք ուղարկում։

— Էդ ի՞նչպես էլավ, Սարգիս բիձա, մեկ էդ էլ պատմիր,— խնդրեցին ջահելները, և իրանց գործը թողնելով՝ որպես թե հանգստանալու համար, շարվեցին քյոխվի չորս կողմը։ Քյոխվան չիբուխը լցրեց, և չախմախին խփելով՝ սկսեց իր պատմությունը։

— Ա՛յ ինչպես էլավ։ Լուսահոգի Ղուկասը — Արզումանի հերը — մի առավոտ եկավ ինձ մոտ։ Ես ու նա ընկեր էինք, ուր էլ որ գնայինք, միասին կէրթայինք։ Մի տղամարդ էր որ, քսան մարդու չէր ասիլ՝ աստված է ստեղծել... «Ի՞նչ ես նստել, ասաց, արի գնանք կակալ թափ տալու»։ Ասում եմ՝ ո՞րտեղ. նա թե՝ «մեր տափի կշտի կակալնին կոտրատվում են, էնքան բռնել են. ոչ ով չի գնում թափ տալու, Սուլխանովիցը վախենում են, նա չի թողում, ասում է՝ «իմ բաղի կշտին են, իմն են»։ Ասում եմ՝ «էդ ի՞նչ խոսք է, հենց ինչ որ իր բաղի կշտին ըլի, իրանը կըլի՞։ Իր տեղը չափարած է, չափարից դուրս նա ոչինչ չունի»։ Նա թե՝ «ես էլ հենց էդ եմ ասում։ Արի գնանք, թող ով ղոչաղ տղա է, գա մեր առաջը կտրի»։

Մեկ-մեկ էրկեն կակալթափի առանք, գնացինք։ Հենց նոր էինք ծառը բարձրացել, մեկ-մեկ ճյուղ դեռ չէինք թափ տվել, մեկ էլ տեսանք հրես օխտն-ութ հոգի ծառի տակը կտրեցին։ Սուլխանովի բճերն էին։ «Չամոդիթ, թքվենի ռջուլի» (վայր իջեք, ձեր հավատը․․․) որ չասացին, մեր Ղուկասի աչքերն արնով լցվեց։ «Կացեք, ասաց, ես ռջուլի նշանց կտամ»։ Վեր եկավ երկեն ձողին ձեռին, ղրաղ կանգնեց ու մեկ թե երկու սրանց, էլ իսկի չթողեց, որ մոտենան, մինչև ես էլ վրա հասա ու էս փորերնին ուռած բաղվանչիներին կալմեջ արինք, մինչև փախան, գլխները պրծացրին։ Ասացինք էս է, պրծանք, բայց մեկ էլ տեսանք, հրես ինքը Սուլխանովն է գալի, մի քսան մարդ էլ հետը։ Ասացի՝ «Ղուկաս, սրանց հետ կռվել չի ըլիլ, կամ փախչենք, գլխներս ազատենք, կամ թե չէ ասենք՝ աղա, էս ծառերը քոնը չի, դու ինչո՞ւ համար ես արգելում»։ Եկավ թե չէ՝ փափախնիս վեր կալանք, առաջին կանգնեցինք, որ