Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խարազանով դուրս քշել աստուծո տաճարից, ասելով՝ «Տունն իմ տուն աղօթից կոչեսցի, իսկ դուք արարիք այրս աւազակաց»...

— Միքայե՛լ, ես կարծում եմ, որ դու մաղձոտված ես և իզուր ես մեր սուրբ հայցերին հավատավաճառ համարում։

— Լավ էր, եթե դրանք հավատավաճառ լինեին, դրանք այնպե՛ս բաներ են ծախում, որ Քրիստոս երազումը տեսած չէ։

— Զո՞րօրինակ։

— Օրինակ՝ տեսակ-տեսակ փիլոններ, տեսակ-տեսակ խաչեր, կամիլաֆկաներ, ծուխ, ծխափոխություն, ավագություն, անդամություն, գործակալություն, կենտրոնականություն, երեցփոխություն, հաջորդություն, առաջնորդություն, վանք, կալված և ամենայն ինչ...

— Մի՞թե այդ ամենը փողով են ծախում։

— Հապա պատճառն ի՞նչ է, որ մեր թեմական վերատեսուչների գործերն այսքան անհաջող են գնում։

— Բայց ի՞նչ կապ կա այդ երկուսի մեջ։

— Ա՛յ ինչ կապ. բոլոր այդ լեգեոնը թեմական վերատեսուչներից այնպես է սարսափում, ինչպես դժոխքը սարսափեց Քրիստոսի մուտք գործելովը։ Այդ կաշառառու և կաշառատու մարդիկը իրանց ապրուստը խավարի մեջ են հայթայթում։ Ո՞ր հաջորդը կուզի, որ իր պտտած գյուղերում, իր կաթնատու և բրդատու ոչխարների մեջ մի մարդ ման գա և նրանց հասկացնե, թե դուք ոչխար չեք, բավական է, ինչքան որ ձեր բուրդը խուզեցին այդ սևահոգիները...

— Հիմա հասկացա․․․ չէ, քո ասածիդ մեջ ոչինչ չափազանցություն չպիտի լինի, դեռ կարելի է որ քո ասածիցդ մի բան էլ ավելի լինին այդ սևագլուխները։ Այդպես որ չլիներ, մենք հիմա այս օրումը չէինք լինիլ։ Դրանք մի անգամ ժողովրդի հոգին իրանց ձեռքն են առել, ժողովուրդն էլ կուրորեն դրանց հետևից ընկած գնում է, կարծելով՝ թե առանց դրանց արքայության ճանապարհը կկորցնի, հետո ման կգա, էլ չի գտնիլ․․․ Բայց դու գիտե՞ս, Միքայել, որ այսօր թեմական տեսուչը գալու է մեր գյուղը, և կարելի է եկած լինի արդեն։ Վեր կաց գնանք, արդեն ճաշի ժամանակ է։