Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
Բ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արությունը ծնվել է Թիֆլիսի մոտակա Խաչեն անվանյալ գյուղումը։ Անցյալ դարի վերջերից սկսած մինչև ներկա դարուս սկզբները Ղարաբաղից շատ հայեր գաղթեցին դեպի ամեն կողմ, դրանցից մեկ հատված էլ Խաչենու մհալից եկավ և Բոլնսու ձորումը հաստատեց իր բնակությունը, որտեղից դարձյալ սկսեցին ցրվել. մի քանի տուն միայն գնացին շենացրին մի հին գեղատեղ, և ի հիշատակ իրանց հայրենիքի՝ Խաչենու, նոր գյուղի անունը դրին Խաչեն։ Մի կողմ դնելով պատմական ու աշխարհագրական նյութը, որ մեր խոսակցության թելը շատ չերկարանա, մենք խոսինք միայն այն անձանց վերա, որոնք որևիցե կերպով ազդեցություն են ունեցել Արությունի կյանքի վերա մինչև այն օրը, որ օրը որ պատահեցանք մենք նրան։

Արությունի մայրը՝ Հռիփսիմեն, որի տոհմումը ժառանգական կերպով շարունակվում էր քահանայությունը, ցանկանում էր որ ինքն էլ քահանա որդի ունենա։ Այս իսկ պատճառով Արությունի ծննդյան քառասունքը կատարելուց հետո, երբ Հռիփսիմեն գնաց ժամ նորածին մանկան համար կյանք մաղթելու, Արությունի պորտն ամփոփեց եկեղեցու պատի մեջ և մի ջերմեռանդ աղոթքով նրա կյանքի տնտեսությունը հանձնեց աստծուն և նորա սուրբերին։

Փոքրիկ Թյունին հինգ տարեկան դառած չդառած՝ մայրը տարավ նրան և հանձնեց տեր Ղուկասի աղջկանը՝ Մանիշակին, որ գրագիտության մեջ մի գյուղական տիրացուից պակաս չէր։

Արությունը հազար անգամ լսած լինելով յուր մորից, որ նա գիր պիտի սովորի, կարծում էր, թե այդ մի շատ քաղցր բան պետք է լինի, ուստի ինքն ևս շտապում էր, որ մի օր առաջ վայելեր իր երազած չիր ու չամիչը։

Մեծ պասի առաջին երեքշաբթի օրը նա արդեն փափախը վերցրած և Մանիշակի առջև չոքած՝ սովորում էր «Հանուն հորը» և «Խաչ, օգնյա՛ ինձ» ասելը։ Այդ դժվար չթվաց Արությունին՝