Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջացնում էր, տղամարդի անելիքներն Էլ ինքն անում, պրծնում էր, ձեռք էր զարկում իր մանածին ու գործքին: Տանը ջահրա էր մանում, ջուր զնալիս էլ՝ իլիկը կամ սկսած գուլպան էր հետը տանում, որ աղբրին, մինչև հերթն իրան կհասնի, մինչև կուժը կլցվի. ինքը պարապ չի կանգնի լախռահաչի չտա, իր իլիկը մանի կամ գուլպան անի։ Ամեն բան Արևահատի ձեռիցը գալիս էր — հորագործ, գետնագործ, ոստանագործ, կար, ձև, եփել, թխել, կթել, հարել, շինել, սարքել: Մի խոսքով մի աղջիկ էր, որ հատը չկար, բայց ի՛նչ կանես, որ խորթ մոր ձեռք էր ընկել, իր արած բանը ինչքան լավ էր լինում, այնքան վատ էր թվում անգութ մորը: Ամեն անգամ, չար գայլի նման, մի պատճառ էր փնտրում, ու անմեղ Արևահատին ոտի տակը գցում, տրորում, մազերից քաշքաշում, քիթ ու պռունկը արունլվա անում, մարդուն էլ հավատացնում, թէ քո աղջիկը հոգիս բուկս է հասցնում իր չարությունով ու կամակորությունովը։ Արևահատը չէր կարողանում իրան արդարացնել. ուզում էր մի խոսք ասել, արտասուքը խեղդում էր նրան. հայրն էլ հավատում էր կնոջ խոսքին ու բարկանում աղջկա վրա։ Արևահատը իր սրտի ցավերը միշտ իր մոր գերեզմանի վրա էր թափում։ Շատ անգամ գնում էր գերեզմանատուն, մոր գերեզմանի վրա չոքում, աղի արտասուք թափում, գանգատվում, սիրտը հանգստացնում, էլ ետ գալիս տուն։ Շատ անգամ մոր գերեզմանի վրա էր դնում գլուխն ու քնում, երազումը մորը տեսնում, վզովն ընկնում, փաթաթվում. նա էլ մխիթարում էր նրան ու խրատ էր տալիս, որ բարի լինի, բարի կենա, ամեն նեղության համբերի։ «Աստված չի կորցնիլ անմեղին,— ասում էր նա,— միայն դու այնպես կաց, որ աստված քեզ հավանի, քեզ սիրի, այնուհետև նա իր պաշտպանությունը քեզանից չի խնայիլ, քեզ այդ նեղությունից կազատի»։ Այս խոսքերը լսելով Արևահատը նոր ուժ, նոր հոգի էր ստանում, մխիթարվում էր, ցավերը մոռանում, օրեցօր վարդի նման բացվում, մանիշակի պես փնջվում։ Այնքան արդար ու անմեղ էր նրա հոգին, որ ամեն առավոտ, երեկո աղոթք անելիս՝ նրան այնպես էր թվում, թե իր հոգին թռչում, վերանում է մինչև երկինքը, հասնում աստուծո