Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած, սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել...

— Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

— Աշտարակը չի եղել բարձր,— ծաղրեց նրան մի ուրիշը,— այլ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

— Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել. այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս․․․ Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխերքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

— Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատիկ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,— հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

— Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել կարծեմ։

— Հիմա պատմիր, տատիկ, հիմա պատմիր,— աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին...