Այդ երգերից ամենից գլխավորը և ընդհանրացածը բայաթիս է։Կան երգեր, որ միայն աշուղները գիտեն, կան որ գիտեն և ասում են նաև աշուղ շեղողները, բայց բայաթին ամենքը գիտեն, և՛ մեծերը, և փոքրերը, և' կանայք, և տղամարդիկ։ Հայաթով են հայտնում իրանց վիշտը — դառը վիճակը, կսկիծը, հոգսը. բայաթով են հայտնում իրանց սերը, փափագը, կարոտը. բայաթով են հայտնում իրանց բողոքը, տրտունջը, անբավականությունը. բայաթով սգում են իրանց մեռելի վրա, և վերջապես բայաթով արտահայտում են ամեն տեսակ միտք և զգացմունք։
Բայաթու ոտանավորը միշտ չորս ոտն է ունենում։ Գլխավոր միտքն ու ասելիքը վերջին երկու ոտքումն է լինում պարունակված, իսկ առաջին երկու ոտքի մեջ միտք չի լինում, դրանք ծառայում են չորրորդ ոտքին իբրև օժանդակ հանգի համար և ընկնում են ձայնարկությունների կարգը։ Առաջին, երկրորդ և չորրորդ տողերը միևնույն բառովն են վերջանում։ Այդ բառը առաջին տողում անորոշ է լինում, իսկ երկրորդ և չորրորդ տողերում ջոկ-ջոկ նշանակություն է ստանում։ Այս է պատճառը, որ բայաթին սովորաբար թուրքերեն են ասում, որովհետև թուրքերենում շատ են այն բառերը, որոնք երկու և ավելի նշանակություն ունին, իսկ հայերենում այնքան չկան։ Բայց շատ անգամ էլ այս կանոնին չեն հետևում և բայաթին հորինում են վիճակի երգի ձևով։ Օրինակի համար բերենք մի քանի բայաթի, որ մենք թարգմանել ենք, որը փոխադրել և որը նմանությամբ և հետևողությամբ գրել։
|