Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղազարոս Աղայան անունով պարոնը, որ վստահացել է «Փորձի» լեզվի ուղղագրության վրա հսկել...


Այս տեսակ ակնարկությունը սոսկ անքաղաքավարություն համարելով, մենք կարող ենք ներել պ. Արծրունուն, մանավանդ գիտենալով, որ դա իմ և իր մեջ եղած վեճի հետևանքն է, բայց ի՞նչպես ներենք նորան իր չլսված ստախոսության համար, որով ճարպիկ ձեռնածուի պես կապում է յուր ընթերցողների աչքերը։ Մեջ բերենք այդ ստախոսությունները։ Պ. Արծրունին չէ և չի բացասականների վերաբերությամբ ասում է—


«Աբովյանն էլ շատ անգամ հաստատ չէ (հաստատ չի) մնում այս կամ այն ձևի գործածելու մեջ։ Մեծ մասամբ նա գործ է ածում չի ուզում, չի անում և այլն, իսկ մի քանի տեղ է (օրինակ՝ երես 183), ասում է. ով չէ... բուն փորում, մեջք մտնում»: Բաց ենք անում ցույց տված երեսի այն պարբերությունը, որի մեջ իբր թե ասված է' ով չէ բուն փորում մեջը մտնում, և կարդում ենք հետևյալը. «Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի՝ չգնաց, նրա մոտ եկավ, ով հարուստ էր՝ գլուխը պահում էր, ով մեկ աստվածասերի ռաստ էր դալիս, գեղարենքումը իր քյուլֆաթին մեկ տաք գոմ է՛լա ճարում՝ նրանց տեղավորում էր, ով չէ՝ սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մեջը մտնում»։

Դուք դատեցեք այժմ, ազնիվ ընթերցողներ, կա՞ այս պարբերության մեջ ով չէ բուն փորում, մեջը մտնում: Իսկ ձեզ, պարոն Արծրունի, կասեմ, որ «չէ» բառի վերա դրված է մի ահագին բութ, որ դուք չեք էլ նկատել, երևի սաստիկ բարկացած լինելով. այստեղ «ով չէ» նշանակում է. իսկ ով որ բարեկամ կամ ծանոթ չուներ, ով որ հարուստ չէր, ով որ մեկ աստվածասերի ռաստ չէր գալիս, Նա մեկ սարում, ձորում, էրում (այրի մեջ), քարափում, բուն էր փորում մեջը մտնում, և ոչ թե՝ չէ փորում, չէ մտնում ։ Հասկացա՞ք։

ճշմարիտն ասեմ, ազնիվ ընթերցող, ես ամաչում եմ, որ այս լուսի պես պարզ ու պայծառ նախադասությունը նորից պարզաբանում եմ, բայց կան մարդիկ, որոնց երեսից ամոթի ջուրը այնքան է պակասել, որ համբակներին անգամ ըմբռնելի նախադասությունը չըմբռնելով, հանդես են դուրս գալիս և 277