Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևոյթների և հարցերի վերաբերեալ տեսական բնորոշումներն ու գործնական լուծումները սկզբից և եթ ճակատագրօրէն դատապարտուած են անաջողութեան, եթէ այդ աշխատանքը հիմնուած չէ տուեալ իրականութեան կայուն վիճակի (statik) և շարժուն ոյժերի (dynamik) յամառ, քրտնաթոր ուսումնասիրութեան, սիստեմատիք հետազօտումների և քննական վերլուծումների վրայ։

Եթէ ուզում ես ճանաչել քեզ ու քո շրջապատը ճշմարիտ և հիմնական իրազեկութեամբ, ուսումնասիրի քո ինքնութիւնը և սոցիալական միջավայրը, քրքրի իրերի խորքը և հրապարակի վրայ դիր րէալ կեանքի գաղտուկ ծալքերի յստակ պատկերը։

Ճշմարիտ ինքնաճանաչողութիւնը հիմնուած է առարկայական խստապահանջ ինքնուսումնասիրութեան վրայ։

Վաղուց է, որ առաջնակարգ ազգերի մէջ կուլտուր-տրեգերների ամբողջ սերունդներ ուղեցոյց են ծառայեցնում այդ գիտական լոզունգը իրանց մտաւոր կուլտուրական որոնումների, հիմնաւորումների և կիրառումների մէջ։ Եւրոպացիք ճանաչում են խորապէս իրենց կեանքի բազմաէջ բովանդակութիւնը, որովհետև հիմն ի վեր ուսումնասիրել են իրենց բարդ իրականութեան բոլոր շերտերը, մինչև վերջին քարն ու աւազը։ Այնտեղ իրն ու երևոյթը իրենց ճակատագրի տնօրինման վերջին վճիռը ստանալուց առաջ նախ դառնում են քննական հետազօտութեան և վերլուծութեան օբիեկտ։ Ճանաչւում է իրի և երևոյթի էութիւնը փաստական հիմքերով, և ապա որոշւում ու տնօրինւում նրա տեղն ու վիճակը։

Հայ կեանքն ու միտքը շատ հեռու է այդ կողմից (ինչպէս և ուրիշ շատ կողմերից) եւրոպականից։ Հայ կեանքը, իբրև րէալիտէտ, որպէս շոշափելի իրականութիւն, եօթ դրօշմով կնքուած մի գաղտնիք է տակաւին՝ իր կարևորագոյն, ամենակենսական էջերով հայ մտքի առաջ։ Մենք չունենք փաստական ճշգրտուած ծանօթութիւն և հետևապէս քննական ճանաչողութիւն ոչ անցեալի և ոչ ներկայի մասին։ Ալեզարդ պատմականը ճանաչելու համար մատնացուցում են մեզ Խորենացու, Եղիշէի, Ագաթանգեղոսի և այլ մատենագիրների վրայ։ Բայց դրանք բացի հոգևոր և աշխարհիկ պետերի վարքագրականից եւ գործելակերպից, ուրիշ խօսքով բացի եկեղեցական և քաղաքական վերնաշէնքի գունաւոր նկարներից ուրիշ աւելի բան չեն հաղորդում։ Ինչպէս էր հայ երկիրը իր նիւթական կուլտուրայի գործօնների կացութեամբ և ինչ էր ներկայացնում հայ ժողովուրդը իր իրական կենցաղակերպի ողջ կառուցուածքով. դրա մասին ոչինչ չեն հաղորդում հայ պատմիչները և այդ ուղղութեամբ ոչինչ չեն արել հայկական մտքի արդի ներկայացուցիչները։ Մինչդեռ բազմաթիւ ճառագայթներ արտացոլող իսկական կեանքը հէնց դա է՝ terra incognita մնացած այդ գլխաւոր էջը հայ պատմական անցեալի. դա է, որի էութեամբ ըմբռնել և մեկնաբանել կարելի է հայ սոցիալական օրգանիզմի ուրոյնութիւնները. այդ հիմնական խարիսխն է, որի որպիսութեամբ պայմանաւորուած են իրաւապետական վերնաշէնքը և հոգևոր-մտաւոր արտադրութիւնները։ Արդի քննադատը, օրինակ, կարդալով միջնադարեան հայ բանաստեղծի զեղուն տողերը, աշխատում է գրական արտադրութիւնների մէջ իրականի տարերքները մեկնաբանել ալեզարդ անցեալում, ուրիշ խօսքով բանաստեղծի երգով ճանաչել նախնիքների կեանքը։