Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օտար գիւղացիների) տարեկան բիւջէի միջին քանակը, ի՞նչ աղբիւրներից է գոյանում սովորական գիւղացու եկամուտը, այդ եկամտի ո՞ր մասն է ստացւում երկրագործական արդիւնքների վաճառումից և որը կողմնակի աղբիւրներից. ինչի՞ վրայ է սպառւում գիւղացու եկամուտը. այդ ծախսերի ո՞ր մասն է նա յատկացնում իր պրոֆեսիային՝ այսինքն երկրագործական նպատակների. ո՞ր տեղերում և ո՞ր չափերով է մուտք գործում քաղաքային կեանքի նիստ ու կացը, փողային տնտեսութեան ազդեցութիւնը։ Միջին թուով քանի՞ ինքնուրոյն աշխատաւոր ձեոքեր է մատակարարում ամեն մի ընտանիք, ամեն մի գիւղ, գաւառակ ու գաւառ, այդ աշխատաւորների ո՞ր մասն է կապուած գիւղատնտեսութեան հետ և որն է գաղթում մեծ քաղաքներ. հայ և հարևան գիւղացիների վարելահողերի և ցանուող բոյսերի, ինչպէս և խոտհարքի չափն ու տեսակը։ Ո՞րտեղ և ի՞նչ չափով ու արագութեամբ են մուտք գործում տեխնիքական բարենորոգումները գիւղատնտեսութեան սահմամանում. ո՞րտեղ և ի՞նչ չափերով են առաջադիմում հողագործութեան հետ միասին նաև գիւղատնտեսութեան ստորադաս ճիւղերը՝ անասնաբուծութիւն, կաթնատնտեսութիւն, շերամապահութիւն, մեղուաբուծութիւն, անտառաբուծութիւն և այլն։ Հարկ ու տուրքերի բարդացման սիստեմի ազղեցութիւնը գիւղատնտեսութեան վրայ ընդհանրապէս և գիւղացիութեան բիւջէի վրայ մասնաւորապէս։

Այս հարցերն ու կէտերը կարելի է շարունակել անվերջ, որքան կուզէք. դրանք կարող են վիճակագրական գործունէութեան մի ամբողջ ծրագրի հիմք կազմել։ Անշուշտ կատարեալ ու անթերի գործ ոչ ոք չի սպասում մի այդօրինակ ձեռնարկութիւնից. բացեր, սխալ ընդհանրացումներ, սկզբներում նոյնիսկ խոշոր վրիպումներ անխուսափելի են։ Բայց այդ ոչինչ չի նշանակում. սխալներից ազատ չէ նոյնիսկ պետական-պաշտօնական ստատիստիկան։ Ոչ ոք յաւակնութիւն չունի այդպիսի աշխատանքով մաթեմաթիքական ճշտութեամբ պատկերացնել հայ գիւղատնտեսութեան և գիւղացիութեան իրական վիճակի բոլոր մանրամասները։ Ասացինք, որ դա կարող է միայն մի պալիատիւ աշխատանք լինել։ Եւ շատ գոհ կը լինենք, եթէ այդ պալիատիւ աշխատանքը կարողանար տալ մեզ իրականութեան գէթ մօտաւօր պատկերը, մեզ յուզող հարցերի գէթ չափաւոր պատասխանը։ Դուք այն ասացէք, թէ ինչպիսի խրախուսանքի արժանի գեղեցիկ գործ կը լինէր, եթէ այդպիսի աշխատանք կատարուած լինէր մեր մէջ տասնեակ տարիներից իվեր։ Ի՜նչպիսի թանկագին նիւթ կը տար նա այսօր մասնագէտի ձեռքը՝ մեր անծանօթ ու անճանաչ իրականութեան ամենախուլ, բայց և ամենամեծ խորշը քննական ուսումնասիրութեան ենթարկելու, նրա առաջադիմական փոփոխութիւնների աստիճանները որոշելու։

Նոյն աշխատանքը առաւել կամ պակաս դժուարութեամբ կարող է կատարել Ազգագրական ընկերութեան վիճակագրական օրգանը քաղաքներում՝ քաղաքային կեանքի ու պրոֆեսիաների վերաբերմամբ։ Այստեղ արդէն սեփական աշխատանքը կարելի է լրացնել կառավարչական մարմինների և քաղաքային ինքնավարութեան հաղորդած տուեալներով ու աղբիւրներով։ Այնուհետև ցուցակագրումը պետական և քաղաքային հարկ ու տուրքի, որ ստացւում է քաղաքային ազգաբնակութիւնից, ապա առևտրականների և արհեստաւորների կազմակերպութիւնների աւագների մօտ եղած առձեռն