Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անպատճառ մտնել Լ. ճեմարան իբրեւ ուսուցիչ... Սակայն ես միշտ պատասխանում էի. «Պէտք է գնամ Երկիր»...

Այն ժամանակուայ տրամադրութիւնս բնորոշող մի ոտանաւորով, գրուած վերջին քննութեան օրը, կուզենայի փակել այս գլուխը։

Վերջի՜ն քննութիւն... Մնա՜ս բարեաւ, Հիւսի՜ս...
Երկի՜ր տենչալի, ազգ իմ հինաւուրց,
Դէպ քեզ կազմ-պատրաստ ես դիմում եմ արդ։
Ինչպէս մի լողորդ նետւում է ծովը,
Փորձում իր ուժեր, ճեղքելով ալիք,
Այնպէս և որդիդ, զինուած գիտութեամբ,
Կամի մաքառել քո սիրով վառուած։
Խաւար, ստրկութիւն կաշկանդել են քեզ.
Իմ հէ՜ք ժողովուրդ, ես լոյսի զինուոր
Կամիմ այսուհետ քեզ համար գրուել,
Բուժել քո ցաւեր, հարթել քո վերելք...


Անկախ


ՊԵՏՐՈՍ ՇԱՆՇԵԱՆ

1.

Շանշեան ազգատոհմը Վրաստանի ազնուական դասակարգիցն էր և Վրաց իշխանութեան ժամանակ տէրութեան գանձապետութեան պաշտօնը այդ տոհմին էր յանձնւում որդոց որդի, ժառանգաբար։

Ռուսաց տիրապետութիւնից յետոյ էլ նոյն պաշտօնը մնաց Շանշեան տոհմի մէջ մինչև Սամուէլ Շանշեանի մահը, որի անդրանիկ որդի Նիկողայոսը չը կամենալով իր զինուորական ծառայութիւնը գանձապահութեան հետ փոխել, հրաժարուեց հօր պաշտօնն ստանձնելուց։ Եւ ահա այդ ժամանակից սկսած Շանշեանների գանձապետութեան արտօնութիւնը դադարեց։

Արքունի գանձապետութեան պաշտօնը որդոց որդի միևնոյն տոհմի մէջ մնալն ինչպէս վրաց, նոյնպէս և ռուսաց իշխանութիան ժամանակ ամենալաւ ապացոյցն է այդ տոհմի ազնիւ, բարի եւ հաւատարիմ ցեղական յատկութեան, որի կենդանի օրինակը մեզ ներկայացնում է նամանաւանդ Սամուէլի կրտսեր որդին՝ Պետրոս Շանշեանը, որ ծնուել է Թիֆլիսում 1819 թուականի օգոստոսի 13-ին [1]։

  1. Դժբախտաբար մենք չը կարողացանք Պետրոսի մօր մասին տեղեկութիւններ հաւաքել։ Այսքանս յայտնի է, որ նա Ամատունի իշխանական տոհմիցն էր եւ կոչւում էր Սալովմէ։