Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենամիամիտների համար անգամ հասկանալի դարձրին բարոյական պատկերը և քաղաքական դերը այն մարդու, որի ձեռքն էին տուել երկրի ղեկը ներկայ ահեղ պատերազմի ժամանակ և պատմական ճգնաժամի ամենածանր օրերին:

«Մենք գերմանացիներս ոչ մի հիմք չունենք ցաւելու ռուսական կառավարութեան մէջ վերջերս տեղի ունեցած փոփոխութեան առթիւ: Շտիւրմերը արգելք չի հանդիսանայ Ռուսաստանում ծագող խաղաղութեան փափազին»: Այսպես է գրում մի գերմանական լրագիր:

«Որքան էլ ռուսացած լինի ծերունի Շտիւրմերը, գրում է մի այլ գերմանական թերթ իր առաջնորդում, այնուամենայնիւ տարօրինակ է թւում, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականութիւնը ղեկավարելու կոչուած է մի գերմանացի այս պատերազմի ընթացքում, որի սկզբնապատճառը համասլաւոնական գաղափարներն են: Ներկայ նախարարապետը չունի այն մոլորութիւնները, որոնք այս պատերազմի պատճառ դարձան: Նա ոչ ոքի խոստումներ չի արել՝ չը կնքել խաղաղութիւն առանց Կոստանդնուպոլսի և նեղուցների: Յանձին Շտիւրմերի ձեռք է բերուած մի գործիք, որ կարելի է գործադրել ըստ ցանկութեան: Շտիւրմերը իր քաղաքականութեամբ, որի նպատակն է Դումայի դերը թուլացնել, ընդ առաջ է գնում աջակողմեանների գաղտնի ցանկութեանը, որոնք միանագամայն դէմ են Անգլիայի հետ դաշնակից լինելուն: Նա Սազոնովի նման չի պնդի, թէ պետք է անվտանգ դարձնել պրուսական զինուորական կաստան»:

Երկիրը չի գիտեր այս ամենը, բայց զգում էր, որ մի վատ բան է կատարուել: Չարագուշակ և համատարած շշուկները թունաւրում էին ժողովրդի տրամադրութիւնը: Ասւում, խօսւում էր ինչ որ մութ խմբակների ու անձանց խլուրդային գործունէութեան մասին, անջատ հաշտութեան մասին...

Գնալով շշուկները աւելի որոշ ձև էին ընդունում, բերնէ բերան հաղորդած լուրերը աւելի յամառ էին դառնում: Ամենուրեք տեսնում էին դաւաճան Մեասոյեդովի ստուերը, նախկին պատերազմական նախարար Սուխեմլինովի անունը յաճախ արտասանւում էր դաւաճան Մեասոյեզովի անուան հետ կցորդուած:

Ա. Դ. Պրոտոպոպովի ներքին գործերի նախարար նշանակուելը միանգամայն աննկատելի անցաւ: Գիտէին, որ Պոտոպոպովը Դումայի անդամ է և աչքի ընկնող անձն հոկտեմբերականների մէջ, որ նա ընտրուած է Դումայի փոխնախագահ և յառաջադիմական բլոկի պարագլուխներից մէկն է, որ նա արտասահման ուղևորուած պարլամենտական պատգամաւորութեան առաջնորդն է եղել, բայց այդ բոլորի հետ միասին գիտէին և այն, որ Պրոտոպովը Ստոկհոլմում տեսնուել է հաշտութեան մասին: Ինչ որ գաղտնի կապ էր ենթադրւում Պրոտոպոպովի նախարար նշանակուելու և այդ տեսակցութեան մէջ, որ «Ръчь» լրագրի ասելով «գարշելի տպաւորութիւն է թողել ռուս հասարակութեան վրայ»: