Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսմենէ. Այո, բայց երբեք այսքան իրար զուգական։

Կրէօն. Չեմ ուզում վատ կին իմ որդու համար:

Անտիգոնէ. (զգացմունքի յանկարձական թափով) Սիրելի Հեմոն, ի՜նչպես անարգում է քեզ հայրդ հարազատ:

Կրէոն. (Անտիգոնէին) Գլուխս տարա՛ր դու քո հարսանիքով։

Իսմենէ . ՄիթԷ յիրավի ուզում ես զրկել որդուդ դրանից:

Կրէօն. (խիստ) Մահը վերջ կը տայ այդ հարսանիքին։ (Իսմենէն երեսը ձեռներով ծածկած լալիս է։ Անտիգոնէն, որ Կրէօնի վիրաւորական պատասխանից յետոյ կրկին տիրապետել էր իրան, կանգնած է հպարտ. լռություն)։

Առաջին ալեւորը. (անվճռական կերպով) Ուրեմն անխուսափելի է սրա մահը:

Կրէօն. (կծու) Ես էլ եմ կարծում։ Էյ դուք, ստրուկներ, ինչ էք մոլորել կանգնել. ներս տարէք սրանց իմ արքունիքը և նորահարսի պէս փակած պահէք ու մի թողէք ոչ մի տեղ դուրս գան: Նոյն իսկ քաջ մարդիկ փախչել են ուզում, երբ տեսնում են մահը երես առ երես։ (Մռայլ ու մտահոգ մնում է բեմում։ Ստրուկները շրջապատում են Անտիգոնէին ու Իսմենէին եւ ձախակողմեան դռնով տանում են պալատը։ Երբ նրանք այլեւս չեն երեւում, Կրէօնը նստում է քարե նստարանի վրայ)։

                           ՋՈՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ 
                   ՆՈՅՆ ԱՆՁԻՆք ԲԱՑԻ ԱՆՏԻԳՈՆԷԻՑ ԵՒ ԻՍՄԵՆԷԻՑ

Պարը. Երանի նրանց, որոնց կեանքը զերծ է տանջանքից: Երբ աստուածների ցասումն անողոք սևացրեց բախտը մի ընտանիքի, հազար աղէտներ կը թափուեն գլխին և դադար չեն տայ նրան ազգէ ազգ: Այդպէս՝ դառնաշունչ հողմը հիւսիսի, դարիւ և դարիւ առաջ մղելով ալիքը ծովի, ջրերի խորքից երես է հանում մրրկայոյզ աւազը սև սև ու ծովափն ամբողջ հեծում, կործում է գոռ կոհակների ահռելի զարկից։

Վաղուց ի վեր մեր աչքի առջև դառն աղէտներ իրար յետևից անվերջ թափւում են Լարդակեանների գերդաստանի վրայ։ Եւ ոչ մի սերունդ չի կարողանում ոչ մի կերպ քաւել նախորդի մեղքը։ Մէկն աստուածներից վճռել է անշուշտ կորցնել նրանց և աւաղ, փրկութիւն չը կայ: Հազիւ ծագել էր լոյսի մի շողք Էդիպի տան այս վերջին ընձիւղի վրայ, բայց ահա այժմ այն էլ է կտրում անդնդային դից սուրն արիւնաներկ, որպէս զոհ անմիտ խօսքերի և ցնորուած խելքի: