Վերադարձին՝ մրցանակաբաշխութենեն — ո՞վ հնարեր է այս բարբարոս բառը — Զարուհի՝ երջանիկ, բայց քիչ մը հոգնած հանդեսին հուզումներեն, իր ոսկեզօծ գրքերուն ծրարը թևին տակ, գեղին մանառիկ ու զառիվեր փողոցներեն կʼանցներ, տուներուն առջև նստած գուլպա հյուսող կիներուն, բոբիկ ոտքով հողին վրա փոշիներուն մեջ վազվզող, տապլտկող տղոց մեջեն, զինքը դիտող գեղջուկներուն նետելով հպարտությամբ ու քիչ մըն ալ արհամարհանքով լեցված նայվածքը:
Հաղթական վերադարձ մը իրեններուն քով, իրենց տնակը, վե՛րը, գեղին մեկ ծայրը, ա՜յնքան խարխուլ, ա՜յնքան հին տնակ, որ քովի տուներուն կռթնելուն համար միայն կարծես կանգուն կը մնար:
Ինքը, իր տասնըվեց տարիներու ծլումովը, իր կենսաբույր երիտասարդության բոլոր ճոխություններովը, այս մութ ու աղտոտ խրճիթին մեջ՝ աղբերու պարարտ բողբոջումովը ծաղկած վարդի մը տպավորություն կը ձգեր:
Հոս, սակայն, իր շրջանավարտի բոլոր ցնծահույզ խնդությունը անտեղի կը թվեր այս աղքատության հանդեպ:
Քիչ մը առաջ արտասանված ճառերեն, տնօրենին ու հոգաբարձության իրեն շռայլած գովեստներեն ու ժողովուրդին ծափահարություններեն, որ ամեն մեկ մրցանակի շնորհվելուն կը կրկնվեին, ամեն կերպ շնորհավորություններու, գրեթե խոստումներու երփներանգ ծաղկեփունջեն՝ ոչինչ կը մնար ահա իր ձեռքը, տանը սեմեն ներս ոտք կոխած վայրկյանեն:
Իր հիվանդ ու ցավագար մայրը անկողինն էր ու պզտիկ եղբորը, ցնցոտիներ հագած չորս տարու երեխայի մը, ճչելու, պոռալու ձայնը, որ փողոցին ծայրեն կը լսվեր, դժգոհության մշտնջենական աղաղակը, այս աղքատիկ տան ճշմարիտ ձայնը ըլլալ կը