Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեն. իմ այցելութենես ի վեր երկու տարի անցած էր: Շատ մը հարց ու փորձեր ըրի իրեն: Ի՞նչ կ’ընեին գեղացիները, խոզակը շահ կը ձգե՞ր առաջվան պես. գեղին տղաները իմ ճանչցած անձե՞րս էին, Հաճի Կարապետը, Օհանճան աղան, ուրիշները:

Այս վերջին անունին՝ սպասուհին ժպտեցավ.

- Օհանճան աղան կարգուկ է հիմա,- պատասխանեց ինծի, - որբևայրի մը առավ ամիս մը առաջ:

- Ի՞նչ, որբևայրի՞,– հարցուցի:

- Վարժապետին կնիկը, Զարուկը: Իր առջի ուզածը առավ. տեսա՞ր, էֆենտիս, խըսմեթը[1] ինչ է՝ ան կըլլա:

Երկու բառով ամեն բան հասկացուց ինծի, ասիկա ամենուն գիտցածն էր գեղին մեջ:

- Առաջ՝ փոթուրլու ըլլալուն՝ չուզեց Օհանճան աղան անիկա ալլըման տելիխանլը[2] մըն էր, ըմա հիմակին պես հարուստ ալ չէր շտտակը: Աղջիկը կարդալ կիտեր, դպրոց գացեր ու կիտնական էր. չհավնեցավ անոր, առջի էրիկը վարժապետ էր. աղեկ օր մը չցուցուց կնկանը: Հիմա Օհանճան աղան առավ նորեն: Առաջ ալ աղվոր էր Զարուկը, չունևորութենեն չէր ցուցներ: Թե որ հիմա տեսնես, պոյ, պոս, ծովի պես մազեր, լուսնի պես երես մը հրեշտակ կըլմանի:

Ու բարոյականը հանելով այս բոլոր պատմությանը, իր պարզամիտ՝ բայց խելացի գեղջուկի բարոյականը՝

- Նայե, էֆենտիս, մեր գեղը Պոլիս չէ, հոն շալվար կը հագնինք մենք, մեր էրիկմարդիկ ալ փոթուր պիտի հագնին:

(1900)

  1. խըսմեթ - (արաբ.) բախտ, վիճակ
  2. ալլըման տելիխանլը - (թուրք.) աննման երիտասարդ