Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ա.

Գևորգյան Նիկողոս աղան բանը գործը տեղը խույումճի[1] մըն էր: Հիսունին մոտ՝ ամուրի մնացեր էր, աշխարհ չմտած իր երկու քույրերը, Փեմպե ու Նեկտար հանըմները կարգելու սպասումին մեջ: Շատ թախանձեր էին իրեն, բայց չէր հոժարած ոտնակոխ ընելու կանոնը որ կը տրամադրե, թե եղբայր մը իր քույրերը ամուսնացնելե վերջը միայն կրնա ինքը ամուսնանալ: Իսկապես կանոնի ու ավանդության մարդ էր, հավտացող անոնց սրբությանը ու օգտակարությանը:

Իրմե տարիքով պզտիկ եղբայր մը, որ իրեն չափ խղճահարության տեր մեկը չէր, ամուսնացեր էր. բայց ձախորդությունը ետևեն հասեր էր իսկույն: Քանի մը տարվան մեջ դրամագլուխը փճացեր ու սրտին ցավեն մեռեր էր մարդը, Նիկողոս աղային վրա ձգելով իր այրին ու մանչ զավակ մը:

Նիկողոս աղան ազդարարություն մը տեսեր էր այս վախճանին մեջ:

Պզտիկ տարիքեն հնազանդելու վարժություն ուներ, դաժան հոր մը Գևորգ աղային – հռչակավոր բոլոր Չարշըին մեջ - անդիմադրելի կամքին տակ ճզմվելով շարունակ: Այս հայրը, հիմա գերեզմանին անդիեն, տասը տարվան անցյալի մը անջրպետեն դեռ կ’իշխեր իր վրա, ամեն խնդրի մեջ իր կարծիքը, լավ ևս է ըսել, իր հրամանը կ’արձակեր ու Նիկողոս աղան կը հնազանդեր անոր:

Տարակույս վերցնող ամեն բանի մեջ խույումճին իր հորը կոչում կ’ըներ և չէր ուշանար պատասխանը առնելու. ինչ որ ալ ըլլար այդ պատասխանը, Նիկողոս աղան կը հետևեր անոր, խիղճը թեթևացած. նույն

  1. խույումճի - (թուրք.) ոսկերիչ, արծաթագործ