Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա.

Թագուկ տուտուն իմ դրացիս է. չամուսնացած բարի պառավ մը, որ տունը մնացած աղջիկներու անհամբույր ու դառնացյալ սիրտը չունի։ Իր անուշ լեզուն, զվարթ խոսակցությունը կը հիշեցնեն ինծի այն չքաղված խաղողի հատիկը, որ կեցած տեղը, բիրտ հպումներե հեռու, թոռմելով ավելի ևս կը քաղցրանա, չամիչի կը վերածվի:

Թագուկ տուտուն անբասիր անցյալի մը համբավը ունենալով հանդերձ, ներողամիտ է երիտասարդներուն, ու հոժարակամ ամեն ոք իր ցավը կը խոստովանի անոր ու խորհուրդ կը խնդրե իրմե:

Ամեն իրիկուն, կանոնավոր կերպով, պատուհանը նստած կը տեսնեմ զինքը. մաքուր հագվելու վարժված կնկան մը անսեթևեթ պաճուճանքին մեջ. այս արդուզարդը հին օրերու տարազը անփոփոխ ու անայլայլ կը պահե. նրբագեղ ասեղնագործություններով զարդարված սև յազմաին տակ՝ ալևոր մազերուն ցոլացումը կը փոխանցվի դուրս, մութ գիշերվան մեջ՝ ձյունապատ դաշտի մը փողփողումին պես։ Դեմքը՝ ճերմակ, անարյուն, խորշոմներով լեցուն հիմակ, կաթնապուրին երեսը ծածկող պարուտակին կը նմանի, մաքուր ու փոթ-փոթ։ Ձմեռ գիշերները իր շուրջը կը ժողվվինք ամենքնիս, զինվելով իր հեզ ու համբերող բնավորությանը դեմ, կատակներ տեղալով իր տարիքին, առանց գործածության մնացած հրապույրներուն, իր յազմաին հաստատատիպ հանգույցին և այն անվերջ, անհատնում օյաի[1] մանվածահյուս դրասանգներուն[2] վրա՝ զորս, ակնոցը աչքին՝ Թագուկ տուտու օրն իրիկուն

  1. (թուրք.) ժանյակ, ասեղնագործվածք
  2. թարմ ոստերից, ծաղիկննրից պատրաստված հյուսակ, որով զարդարում են դռները, պատուհանները, պատշգամբները