Ու անմիջապես դադարեցուց իր մտերմությունները, մեկ հարվածով կծկեց այս փոքրիկ ամփոփուկ ծաղիկը, որ իր հոգվույն մեջ դողալով կը փթթեր, մինչդեռ դեմը երիտասարդը կը զայրանար ու կը նախատեր զինքը: Անոր դեմ կեղծավոր անտարբերություն մը ձևացնել հարկ էր, էն դժնդակը իր պարտավորությանցը. ամեն նախատինքի հանդուրժեց ու ամեն աղաչանքի դեմ անդրդվելի մնաց, հառաչանք մը դուրս չթռավ իր խեղդուկ սրտեն, բայց որքան լացավ իր բարձին վրա։
Ամսվան մը մեջ երիտասարդին քով ոչինչ մնաց առջի սերեն՝ մահացու ատելութենե մը զատ. հիմա ամեն առթիվ իր հայտնի թշնամին էր տանը մեջ, այնքան, որ մայրը կը միջամտեր իր տղուն անիրավությանը համար, ու առանձին մնացած ատեն Թագուկը կը սփոփեր.
- Հոգդ մըներ, աղջիկս, էրիկմարդիկ բարկացած ժամեր ունին։
Այդ միջոցին էր, որ տղան հիվանդացավ. այն ատեն քրոջ մը անձնվիրությամբ խնամեց զինքը, օրերով անքուն հսկեց անկողնին քով, մորը հետ միասին փոխնիփոխ բաժնելով մեջերնին հոգնությունը ու կսկիծը, ու երբ հիվանդին վիճակը ծանրացավ ու տենդը ցնորանք բերավ, այն ատեն իր վարանումները վերստին սկսան. ինչ շահած էր այս բոլոր մահացումներեն. և հիվանդին սնարին քով, կանթեղին արձակած առկայծ ու դողդոջուն լույսին պես, իր համոզումները ու տված որոշումները երերալ սկսան։
Այն ատեն փափագ մը ունեցավ հիշատակ մը գոնե պահելու իր ողորմելի սերեն. մկրատ մը գտավ փոքրիկ, որով հիվանդին երկարած մազերեն փունջ մը կտրեց առավ, գողի պես չորս դին նայելով։
Հիվանդը առողջացավ, բայց իր երեսը չնայեցավ. ոչ իսկ հիշեց զինքը. ծնողքը ամուսնացուցին զավակնին ու Թագուկ հարսանիքին զվարթ ու խնդում երես երևցավ։
Անկե ետքը, իր պարտքը կատարած մեկու մը խղճի հանդարտությունը ունեցավ. իր սերը կը պահեր