Օր մըն ալ Զարուհիին եղբայրը ձանձրացավ. կատակը կ՚անհամնար. դասատուն Զարուհին ամուսնության ուզելու կ՚ելլէր, իր սիրույն, իր իրավունքներուն վրա խոսիլ կը սկսեր, ու բամբասող բերանները, որ անպակաս են, այս անիմաստ կատակը մատերնին կը սկսէին փաթթել: Այն ատեն կոշտ ու ստորին բառերով հասկցուցին իրեն, որ այդպիսի աղջիկ մը չէր կրնար իրեն հետ ամուսնանալ, խելքը գլուխը կանչելու էր, ասանկ այլանդակ առաջարկություն մը ընելէ առաջ:
Ու երբ համառեցավ, պինդ գլուխ մարդու ձևեր առավ, ճամփու դրին զինքը. ոչ, շատ աներես մեկն է եղեր այս տղան, որ առջի դեմը ելլող աղջկան հետ կարգվելու կ՚ելլէր:
Անկե ետքը անոր երեսը չցուցուցին իրեն. հերքումներ տեղացին դասատուին գլուխը. կատակ մը, կը հասկնար, պարզ կատակ մը ըրած էր աղջկան եղբայրը, խնդալու համար իր վրա. այդ նամակներուն գոյությունն իսկ չէր գիտեր Զարուհին:
Իր բարեկամները նորեն բոլորվեցան իր շուրջը, համոզելու համար զինքը ու բառնալու [1] համար սրտեն այդ հիմար սերը, որ անբուժելի ախտ մը ըլլալ ու զինքը հավիտյան դժբախտ ընել կը սպառնար: Չհաջողեցան. իր ուղիղ ու պարկեշտ սիրտը չընդունեց, որ իրեն հայտնված սերը ծաղր ու կատակ մը եղած ըլլա միայն. այս էր որ այլանդակ, անհնար ու եղեռնական կը թվեր իր աչքին ու Զարուհիին բարի սրտին անհամաձայն:
Տարիներ անցան ու դիպվածով Զարուհին չամուսնացավ. և ասիկա պետք եղածեն ավելի էր անեղծ ու անկորուստ պահելու սերը իր հեք ու ողորմելի սրտին մեջ: Մարդիկ կը միաբանէին իր իրական դժ
- ↑ բառնալ - բարձել, բեռնել այստեղ վերացնել