Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մըն էր որ կու գար առտուները իր երկու աղջիկներուն հետ յազմա լվալու իմ տանս մոտ: Ֆուրթունայի նշանածն էր. ու զայն տեսնելուն իր արբեցութենեն կարմրած դեմքը կը դալկանար, մահատիպ գույն մը կ՚առներ: Նստարանին վրա շտկվելու, ուղիղ դիրք մը առնելու ջանքեր կ՚ըներ, իր ցնցոտի փալթոին օձիքը կը դարձներ մերկ կուրծքը պարտկելու համար, բնազդական ըղձանքով մը, որ այս կործանած իմացականության մեջ դեռ կենդանության անորոշ նշան մը կու տար, վերջին տկար շառավիղը այս մարած հոգիին աղջամուղջին մեջ:

Ադկե զատ օղին ուներ միայն իրիկվան. խենթի պես կը վազեր վեր, գեղը, հոն, ուր գինետունները կը վխտան, ամենքն ալ իրենն էին, ամենքն ալ. արբեցության մեջ իր գոյությունը կը սկսեր, ոչ հիմակվան ողորմելի կյանքը, այլ առջի երիտասարդության օրերը, իրենց հուսալից ու խնդում երեսովնին: Իր նավակը նախ, նրբամարմին թռչունի ձևով, որ ծովը հազիվ թե կը շոշափե իր վազքին մեջ. հետո նավավարը՝ իր շքեղ արդուզարդովը, ֆեսը ծռած, որուն կապույտ ծոպին ծայրը ուսին վրա կ՚իյնա. ու նավակին մեջ իր նշանածը, այն գեղեցիկ հույնի աղջիկը, զոր սիրած էր:

Եվ այս աղոտ հեռանկարը, օղիի սրվակներու հաջորդությանը մեջ, կը ճշտվեր, հայտնի, պայծառ, կը կենդանանար, ու Ֆուրթունան ամեն իրիկուն անով կ՚ապրեր ժամերով, ժամերով, մինչև որ գինետունեն դուրս ընեին զինքը:

Այս արբեցությունը Ֆարիայի գանձը չէ՞ր միթե այս ողորմելի մարդուն ձեռքը, ամենազոր կարողությունը, որ վրեժները կը լուծե, մարդոց ու դիպվածներու դեմ անխտիր:

(1893)