Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքի առթիվ — կ’երևա թե կրցա տիկինին հաճելի կամ զվարճալի բան մը ըսել — իր սովորական անփույթ ու նեղացած դեմքը մեղմացավ, անուշցավ, ու, զարմանալի՜ բան, թեթև ժպիտ մը ուրվագծվեցավ նախ, հետո հաստատվեցավ այս աղվոր դեմքին վրա, արշալույսին ծագելուն պես, որ քիչ-քիչ — որոշ ու աննահանջելի առավոտի մը կը վերածվի:

Որքա՜ն գեղեցիկ էր այսպես. երբեք չէր գիտեր, որ այսչափ պիտի աղվորնար. բայց ժպիտը ավելի շեշտվեցավ ու քիչ-քիչ, կամացուկ մը խնդալ սկսավ:

Աստված իմ, առջի անգամ ահա ճշմարիտ կինը երևան կուգար այս անզգա աղվորության մեջ: Կը խնդար, երջանիկ էր ուրեմն, և ես իրմով երջանիկ էի:

Ինքը՝ կը շարունակեր խնդալ, երթալով ավելի շատ և ավելի ուժով, անվերջ քահքահ մը հիմակ, որով ձեղունը կը թնդար, մինչդեռ ես իր մեկ՝ մեկ ժպիտին ակնկալուն՝ ապշած զմայլած կը դիտեի զինքը և այս գեղեցիկ ուրախությունը, այսքան չնչին պատճառով մը:

Երևակայեցեք դեմերնիդ կծծի ու ագահ էակ մը, որ հանկարծ, մեկ վայրկյանի մեջ, ամենեն մսխող ու շռայլ մարդը դառնա:

Ու շվարումիս մեջ ան կը խնդար հիմա, այնքա՜ն սաստիկ որ քոռսեն նեղ կուգար իր հարուստ իրանին, ու բազմոցին կռնակին կը կռթներ, չկրնալով ուղիղ նստիլ իր տեղը:

— Հա՛, հա՛, հա՛…

Այն ատեն աղջիկը մոտեցավ ինծի ամչնալով, տրտմության քողով մը դեմքը վարագուրված, ու անուշ ձայնով մը՝

— Ներեցե՛ք, — ըսավ ինծի, - այսպես է ահա խեղճ մայրիկս իր վերջին հիվանդութենեն ի վեր. ոչինչ պատճառով մը կը սկսի խնդալ ժամերով. կ’երևա որ ջղային բան մըն է:

Եվ իրոք, քահքահը՝ զվարթ, պոռչտող քահքահ մը՝ գրեթե տգեղցնելով իր սիրուն դեմքը, անսովոր ու դառն ուրախությամբ մը կը լեցներ սենյակը, մինչ

366