հետ` իմ պաշտումս ալ կ’ավելնար իր անձին համար. իր քալվածքը կը ճանչնայի ոտնաձայնեն. իր թաշկինակը կը զանազանեի ծավալած հոտեն. իր փոքրիկ սովորությունները, քմահաճույքները գոց գիտեի վաղեմի բարեկամի մը պես:
Ու արգահատանքս[1] հիվանդեն ավելի առողջին կ’երթար, մեղքցվելիքը այս մանկամարդ կինն էր, որ իր անսպառ գորովի[2] գանձերը անտես թաղելու ու իր երիտասարդի իղձերը ու դողերը զսպելու արիությունը ցույց կու տար:
Հիվանդին վիճակը հետզհետե կը ծանրանար ու Սառայի անձնվիրությունը նույնքան ավելի մեծ կ’երեվար աչքիս. հիմա դուրս չէր ելլեր էրկանը սենյակեն. երբեմն ես ալ կը գտնվեի հոն. բերանը բերնին կը կենար մինչև վերջը, հիվանդին շնչառությունը խառնելով իրենին: Այս չափազանց զոհողությունը ճշմարիտ խելագարության մը հանգելու վրա էր. էրկանը հետ մեռնիլ կ’ուզեր անշուշտ. անդին ալ անոր հետ ըլլալ, ինչպես հոս եղած էր, և իր անհատնում վայելքները անոր պահել միայն: Այո՛, այս էր իր գաղափարը:
Մնաս բարովի մը ատեն մինչև սանդուխին մոտ կ’ընկերանա ինծի ու առիթը բարեպատեհ կը նկատեմ բառ մը ըսելու, զգուշացնելու համար զինքը:
— Վախկոտ, — պատասխանեց ինծի, ձեռքերս թոթվելով, - վախկո՛տ, այդպե՞ս երիտասարդ ես դուն:
Ամոթես ու զայրույթես դեղնեցա:
— Քու անձիդ համար միայն վախկոտ եմ, — ըսի իրեն, — տեսար, որ ես այն հյուրերեն չեմ, որ հիվանդեն կը փախչին չպլըշկվելու համար. ես ամեն վայրկյան ամուսինիդ քովը գտնված եմ: Եթե դուն չես