Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռագայթներուն տակ կը խայտան կարծես ու անգո[1] կյանքի մը պատրանքը դեռ կու տան երեսին։ Մեռավ. և ես գլխիկոր ու ապշած՝ առջի հեղ[2] կը տեսնեմ մահը հոս աչքիս առջև, հանդարտ, շքեղ, գրեթե հրապուրիչ: Սավանի պես պարզվող ծովի երեսն է ան, մաքուր ու միօրինակ հանդարտությամբ մը ծածկելով պարապությունը:

Սարսափը չի բռներ զիս. արհավիրք չեմ զգար այս հրեա երիտասարդին տեսքին քով, այլ զարմանքով կը լեցվիմ. ի՞նչ է այս պառկող մարդը: Հարցու՞մ մըն է, թե պատասխան մը: Հետո, անզգալաբար աչքերս կը լեցվին. Սառա քովս է, բայց չի լար. կը կարծեմ, որ իր վիշտին մեծությունը կ’արգիլե զինքը արտասվելե, այն շատ լեցված ամաններուն պես, որոնք շրջելով՝ չեն թափիր:

Սևեր հագած է, որոնք իր մեղրամոմի դեմքին անփայլ ճերմակությունը կը ցոլացնեն. քովս կու գա ու իր բուրումնավետ թաշկինակովը աչքերս կը սրբե:

Այս վայրկյանիս, այս մահվաս սենյակին մեջ բոլորովին մոռցած եմ զինքը. բայց ան՝ իր ներկայությունը հիշեցնել կու տա ինծի. ձեռքս կը բռնե նորեն, ճիշտ ինչպես ամիսներ առաջ կեցուցած էր զիս մեկնելու ժամուս: Կը տեսնեմ, որ աչքերը անսովոր փայլով մը կը ցոլան, մութի մեջ կատվի աչքերու վառվելուն պես, դեղնորակ լույսով մը:

Իր քովը կը նստեցնե զիս բռնի, ու ակնարկություն մը ընելով իմ առջի թախանձքներուս.

— Հիմա՛, — կ’ըսե հանկարծ:

Եվ այս սենյակին մեջ կը բացատրե ինծի, իրավագետի մը պես փաստերով զինված, իր կյանքի ըմբըռնումը ու պարտավորության գաղափարը:

Էրկանը հավատարիմ եղած էր, ցորչափ կենդանի էր անիկա. մազի չափ չէր թերացած իր անձնվի

  1. անգո - գոյություն չունեցող
  2. առջի հեղ - առաջին անգամ