Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք մինչև հիմա ուրիշներեն և մեզմե եղած գողություններուն վրա բան մը չէինք ըսած, իսկ հիմա որ մեզի կը հարցնեն գողերն, ալ այսուհետև զանոնք մեկիկ մեկիկ ցցունելու խոսք կուտանք։


ԿԵՑՑԵ՛ ՍՈՎՈՐՈԻԹՅՈԻՆ

Բարեկենդանի առթիվ սպանդարամետական տոներն¹ սկսան։ Ամեն մարդ մեծ ու պզտիկ, ինքզինքը խնդումի և զվարճության տվավ։

Ամեն զվարճություն ներելի է այս շաբթու. գինովությունն իսկ առաքինություն կը համարվի բարեկենդանի մեջ։ Ուրեմն, ամեն մարդ իր կարողությանը չափ խմելու է, պոռալու է, երգելու է, և բամբասանքն բնավ վախնալու չէ։

Այս խրատը տալն ավելորդ է, ինչու որ ամենքն ալ արդեն կը խմեն, կը պոռան, կերգեն, կը ցատկեն, կը պարեն, թուղթ կը խաղան։ Ոմանք երեսնին դիմակ անցուցած օղիի ու գինիի տակառներն առջևնին ձգած փողոցներու մեջ կը շրջին սրինգ հնչեցնելով ու թմբուկ զարնելով, ոմանք էշ հեծած, ոմանք էշ չհեծած, ոմանք ձի, ոմանք ալ ոտքով քալելով։

Եթե ուրիշ օր մը ըլլար՝ ոստիկանությունը զիրենք կը ձերբակալել, բայց բարեկենդանի մեջ չկրնար, ուսկից կը հետևի, թե այն որ հանցանք էր ուրիշ օր մը, այսօր հանցանք չէ։

Թող ամչնան սկեպտիկյանց թշնամիներն, որովհետև, եթե այսօր ինձ հարցվեր թե՝ գինովությունը հանցանք է, պիտի պատասխանեի, կրնա ըլլալ որ հանցանք է, կրնա ըլլալ որ հանցանք չէ։

Ոմանք ալ տուն մը հավաքվելով քատրիլ, լանսիե, բոլքա, մազուրքա և այլն կը խաղան։ Քանի ժամ.— Մինչև առտու.—Չե՞ն ձանձրանար.— Ամենևին, ոտքի խաղերն մյուս բոլոր խաղերեն ավելի մարդուս զվարճություն կուտա, պարել գիտնալու ես, որ զվարճությունը վայելես։

Ոմանք ալ բրեմ, վիսթ և այլն խաղալով կանցունեն բարեկենդանին գիշերները ձմեռվա ամեն գիշերներուն պես։ Եթե մյուս գիշերներն ժամը մինչև ութը կամ ինը կը խաղային, հիմա մինչև առտու կը խաղան։ Ոչ ոք կրնա զիրենք մեղադրել, բարեկենդան