Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատենապետին վրա բեռցունելն անիրավություն է վասն զի քանի որ երեսփոխանությունը միշտ շնորհակալություն հայտնած է իր ատենապետին, դյուրին է գուշակել թե ուրիշ ատենապետի մր օրով ոչ թե միայն խնդիր մը, այլ երեսփոխաններն ալ չպիտի կրնային ելնել օրակարգին մեջեն։

Գրական ասպարեզին մեջ մտած չէ, թեպետև կրնար հոն աթոռ մը ունենալ։ Եթե քաջ խոսելու, մարդ համոզելու արհեստը պարունակող գիրք մը հրատարակեր՝ մեծ ծառայություն մը պիտի մատուցաներ ազգին։ Վասն զի մեր երիտասարդներեն շատերն, որ ինքզինքնին պերճախոս կը կարծեն՝ մինչև այսօր օգուտ քաղած չեն մարդ համոզելու արհեստեն... երբ հացավաճառի մը կամ մսավաճառի մը առջև գտնվին: Ստեփան փաշան եթե փափաքեր՝ դժվարություն չէր կրեր նաև հրատարակելու գիրք մը Առողջաբանություն անունով և որուն մեջ ընդարձակորեն խոսիլ գոնե մեկ հիվանդության վրա, որ բժշկվելու ենթակա է, ինչպես նաև այն տենդերուն վրա, որ առաջ կուգան խոսք ուզելեն և ատենապետին խոսք չտալեն։ Վերջապես գրելու ձիրք և դյուրություն ունենալեն ետքը, չգիտենք թե ի՛նչ պատճառով այսչափ հեռի կ՚ապրի այդ ասպարեզեն։

Սկզբունքներուն գալով՝ կրնանք հետևյալները կարծել... այս տարվան համար։

Բարկությանդ մեջ լեզվիդ իշխե, ականջներուդ համբերություն մաղթե, իսկ կիրքերուդ հարատևություն։

Կարծիքները պետք է սպասավորներու պես գործածել, շոյելու է զանոնք, եթե քեզի շահ կր բերեն, իսկ վռնտելու է, երբ շահուդ կր դպչի։

Բամբասանքը հով մ'է, որ կուգա, կ' անցնի, վա՜յ անոնց, որ ամեն հովե կր շարժին։

Ստեփան փաշա վայելուչ հագուստով, միջին հասակով, միջին գերությամբ գեղեցիկ մարդ մ'է։ Վարդի պես կարմիր այտեր և ածուխի պես սև հոնքեր ու մազեր ունի:

39