Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԱԼԱԹԻԱ

Ղալաթիո սահմանն է հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն՝ երգիչ աղջիկներ։


Դրամի կողմեն սահման չունի. մոլություններու մասին անսահման է։


Դաշտի վրա շինված ըլլալով՝ ամառը գրեթե միշտ ցամաք է. իսկ ձմեռը՝ թաղիս երեք քառորդը ծով կը դառնա և մեկ քառորդը ցամաք կը մնա։ Այս թաղը երկու տեղագրություն ունի, մին ամառվան իսկ մյուսը ձմեռվան. ամառվան տեղադրությունն առաջնորդ բռնելով եթե ձմեռն այս թաղին մեջ պարտիլ ուզես՝ ջուրերու մեջ կը խղդվիս. իսկ եթե ձմեռվանովն ամառ ատեն հոս շրջագայիս՝ նավդ ցամաքը կը նստի։ Արդ, մեծ զգուշությամբ քալելու ես այս թաղին մեջ, որպեսզի վտանգի մը մեջ չիյնաս։


Գլխավոր լեռն է Ղալաթիո աշտարակը, որ Բաբելոնի աշտարակ ալ կրնա կոչվիլ երբ քաղաքական տեսակետով նայվի հոն։ Հրդեհի նշանը կը տրվի միշտ այս լեռնեն, որուն գագաթը ձյուն չգտնվիր բնավ, այլ միայն կրակ, և ասոր համար հրաբուխ լեռ ալ կը կոչվի։


Ջերմուկներն են գինետուններն, որոնց մեջ մարդ չափեն ավելի կը քրտնի։ Հանքային ջուրերն են. ապսենթ, մաստիքա, գոնյաք և այլն։ Գլխավոր ջերմուկն է Հոմիսիոն խանը, ուր քոնսոլիտի վրա գործ կը լինի։ Ամենեն ավելի քրտնցնող ջերմուկն է այս, որուն մեջ շատերը կը մտնեն ուժ առնելու համար, և ուժաթափ դուրս կելնեն անկե։