Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անցյալ տարի մեր ազգն չկարողացավ գործել։


— Ինչո՞ւ։


— Ինչո՜ւ. օրերը կարճ էին...


1881-ը վերջացավ, բայց ամենապատիվ սրբազան Պատրիարք հոր հրաժարականի խնդիրը դեռ չվերջացավ. ըսել է թե 1881-են ծանր է այս հրաժարականի խնդիրը։


Նորին սրբազնությունն յուր հրաժարականն ազգին համար օգտակար կը կարծե։ Ժողովուրդն այդ հրաժարականն ազգին համար վնասակար կը Հավատա և յուր բոլոր ուժն և զորությունն կսպառե որ սրբազան Պատրիարքն ետ առնու յուր հրաժարականն։


Սա պայմանավ միայն որ սրբազան Պատրիարքն աթոռին վրա անոթի մնա յուր պատրիարքարանի պաշտոնյաներով և ժողովրդեն ազգային տուրք չուզե կամ դրամի վերաբերյալ խոսք չընե։ Կայսերական պալատն փափագ կը հայտնե որ սրբազան Պատրիարքն յուր աթոռը վերադառնա։ Վաքըթ, կառավարության պաշտոնական թերթն, հօգուտ ազգին և տերության կը հորդորե նորին սրբազնությունն գործե քաշվիլ։ Երեսփոխանական ժողովն այս հրաժարականն անպատեհ կը դատե։ Գրավաճառներն և տպարանատերներն հրաժարականն օգտակար կը գտնեն իրենց համար, կարծելով թե սրբազան Պատրիարքին հրաժարելով գիրքեր տպելու մասին ազատություն պիտի տրվի Դռնեն։ Թարգմանիչներն և հեղինակներն ալ ուժ կուտան այս կարծիքին։ Պարոն Ստեփան Փափազյան օր մը օգտակար կը դատե այս հրաժարականն օր մը վնասակար։ Հայրենիք այս խնդրույն վրա միշտ լուրեր կուտա և կը կարծվի թե ինք այս հրաժարականն ո՛չ օգտակար կը գտներ և ոչ անօգուտ։ Մասիս յուր առաջին երեսին մեջ չնդունիր այս հրաժարականն, իսկ երկրորդ երեսին մեջ տեղապահ մը ընտրել կառաջարկե, թեև ոչ ուղղակի ... իսկ մյուս երեսին մեջ ծանուցումներ կան, որ բնավ վերաբերություն չունին այս խնդրույն հետ։ Մանզումեի էֆքյարն լռություն պահելով կարծել կուտա թե իրեն համար հրաժարականին ընդունիլն կամ չընդունիլն բնավ նշանակություն չունի։ Թեր-