Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍԿԵ ԱՆԿԵ

1873

Քաղաքական ժողովը երբ անցյալները Պրուսայի մեջ Սահմանադրությունը գործադրել տալով թարթողիմեոս սրբազանը Պրուսա ղրկեց, երեսփոխան մը յուր ընկերներեն մեկուն դառնալով՝

— Քաղաքական ժողովը շատ փառք վաստկեցավ այս խնդիրը այս չափ շուտ լմնցնելուն համար, մեկ խոսքով, Քաղաքական ժողովը Պրուսայի խնդրույն մեջ ծնավ, կըսեր։

Երջանիկ է եղեր ուրեմն Քաղաքական ժողովը, որ իր հայրենիքին մեջ մեռավ։


Անցյալ շաբթու ազգային թերթերուն մեկուն մեջ հետևյալը կը կարդացվեր․

«Մարդուն մեկը կառքի մը տակ մնալով՝ ծանր կերպով վիրավորվեցավ գլուխը, զոր իսկույն հիվանդանոց փոխադրեցին»։

Աղեկն ալ աս է, քանի որ գլուխը վիրավորվեր է, պետք է որ միայն գլուխը տանին հիվանդանոց և մարմինը ազատ թողուն։

Առաջ գեշ սովորություն մը կար, օրինակի համար, մեկու մը ոտքը կամ ձեռքը վիրավորվելու ըլլար նե՝ փոխանակ այդ մարդուն ոտքը կամ ձեռքը հիվանդանոց տանելու ամբողջ մարմինը կը տանեին։

Ի՞նչ գեշ սովորություն։


— Հայրի՞կ, ի՞նչ է մառախուղը։

— Լուսեղեն խավար է, տղաս, Շիրքեթը Խայրիեին առաջին թշնամին։