Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասնելու համար երեք երեք հոգիե բաղկացած հինգ մասնաժողով ալ պիտի հաստատե։

Էրիկ մարդոց վաստակը քիչ գալուն՝ շատ կնիկներ չարշին խանութ պիտի բանան։

Ստակ չունենալով մայր ըլլալ չկրցող աղջիկեերուն շատերը կանանչ կարմիր լաթերով մայրապետ պիտի ըլլան։

Վարդապետները տուն տեղ պիտի ըլլան, տերպապաներն ալ ժամը պիտի պառկին։

Տիար Խորեն եպիսկոպոս աղջկանց գիշերօթիկ վարժարանը չպիտի բանա, աղջիկներն ալ բացօթյա պիտի պառկին։

Կիներուն ու աղջիկներուն թուշեն մինչև գլխուն վրայի կեղծամը լման կես կանգուն պիտի ըլլա։

Պոլսեցի հայերը իրենց ամեն եկեղեցիները Դուրսեցի հայոցի պիտի պարգևեն։

Երեսփոխաններու և Թաղական խորհուրդի անդամներու ընտրությունը մեկ մեկ քվեով պիտի կատարվի։

Կաթոլիկ հայերը տաճկերենը պիտի մոռնան, լուսավորչական հայերն ալ հայերենը։

Նավակներուն մեջ մարդիկ պիտի նստին, կիները թին պիտի քաշեն, կառքերուն մեջ մարդիկ պիտի նստին, կիները ձին պիտի քշեն։

Էրիկմարդիկ տուներուն մեջ կերակուրը պիտի եփեն, կիներն ալ հյուրերը պիտի ընդունին։

Ոսկերիչները սուտ չպիտի խոսին, թյուլպենտճիներն ալ ֆերաճե չպիտի պատռեն։

Բժիշկները հիվանդներուն շատ նեղություն չտալով, շուտ մը անդիի աշխարհ պիտի ղրկեն զանոնք։

Եպիսկոպոսները Պոլսո եկեղեցիները իրենց մեջը պիտի բաժնեն ու քահանաներուն հետ հավասար բաժին պիտի ընդունին։

Կոշկակարները կիներուն ոտքի ամանին տակ երկերկու խաթ կաշի ավելի պիտի դնեն։

Աղջիկ եղողն անպատճառ իր գրպանը պզտիկ հայլի մը պիտի ունենա։

Սգավորները ճերմակ պիտի հագնին ու իրենց սուգը մեռելը թաղող տերտերներուն պիտի տան։

Ազգային վարչությունը դատով մը իրեն ներկայացողեն՝ դատը