Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՄԵՌԵԼՈՑ

ՕՐԱԳԻՐ, ՀԱՅՐԵՆԻՔ

Օրագիր: Ի՞նչ կը տեսնեմ, Հայրենիք, դո՞ւ ես։

Հայրենիք: Ես եմ։

Օրագիր: Մյուս լրագիրներն ինչո՞ւ համար հետդ չբերիր։

Հայրենիք: Քիչ օրեն անոնք ալ կուգան։

Օրագիր: Ի՞նչ լուր կա նայինք, ապակեդրոնացականություններուն վրայոք բան մը լսեցի՞ր։

Հայրենիք: Ապակեդրոնացականությունները գետնին տակը անցնին, հոս գալուս պատճառը չե՞ս ուզեր հասկնալ։

Օրագիր: Դուն ալ ինձի պես մյութենավիզանե բա՞ն մը ըսիր ինչ ըրիր։

Հայրենիք։ Ալթընճը տայրեն Բերայի գերեզմանատունը հասարակաց պարտեզ շինելու համար մեր ձեռքեն առնելու ելավ, ես ալ բոլոր ուժովս դեմ կեցա։

Օրագիր: Ապակեդրոնացականաբա՞ր դեմ կեցար չէ նե՝ կեգրոնացականաբար։

Հայրենիք: Իրավ որ միտքս չէ, միայն սա գիտեմ, որ դեմ դնելուս համար չորս ամիս դադարման դատապարտվեցա։ Հիմա այս չորս ամիսը անցնելու համար ձեր օգնությունը պիտի խնդրեմ։

Օրագիր: Հոժար կամոք պատրաստ եմ ձեզի օգնելու, հոս իմ քովս կառնեմ քեզի, Աստված հայոց ազգը պակաս չընե, հոս ազատ կրնաս հանգիստ ելնել, պառկիլ, փառք Աստուծո, հոս ամեն բան կա, միայն ուտելու հաց չկա։

Հայրենիք: Շիտակը մեծապես շնորհակալ եմ ձեր մարդասիրութենեն։

Օրագիր: Չ՛է, այդ խոսքը չեմ ընդունիր, ամենուս ալ պարտքն է իրարու օգնել, ասով ես ալ իմ պարտքս կը կատարեմ, թե որ չհասկցար, կեցիր տրամաբանորեն բացատրեմ։

Մարդս պարտավոր է իր ընկերին օգնել։