Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեղու Առ Սրբազան Պատրիարքն Հունաց

Սրբազան հայր․

Պատիվ ունիմ ձեր աթոռին շուրջը քիչ մը բզզալ, և կրնամ վստահ ըլլալ, որ ձեր Սրբազնությունը ձեռքովը զիս պատուհանեն դուրս չպիտի վռնտե, երբ վստահացնեմ ձեր Սրբազնությունը, որ խայթելու համար չեմ եկած։

Սրբազան հայր, ձեր ազգին ջերմեռանդական մեկ բարի սովորությունը՝ այս անգամ ալ Լանկաբնակ ժողովուրդը մոխրո վրա նստեցուր։

Կոնիզմայի յուղը չափազանց շատկեկ գալով՝ Լանկայի թաղը կանթեղի վերածեց և երկնիր առջև մեծկակ կոնիզմա մը վառեցին խեղճ հայերը։

Չեմ կարծեր, Սրբազան հայր, որ Աստվածածնա պատկերը գոհ եղած ըլլա այս կոնիզմայեն. չեմ հուսար, որ Աստվածածնա պատկերը ուրախ եղած ըլլա այն չափ ընտանյաց թշվառությունը տեսնելով։

Սրբազան հայր, կը զարմանամ, որ մինչդեռ մեր մեջը Սուրբ Աստվածածնա պատկերին առջև կանթեղ և մոմ կը վառենք հրդեհեն մեզ փրկելու համար, ձեր մեջ Սուրբ Աստվածածնա պատկերին առջև կանթեղ կը վառեն հրդեհ պատճառելու համար, և թե որ այս կոնիզման քիչ մալ անզգուշությամբ շարունակվի՝ հայերը Պոլսո մեջ նստելու տեղ չպիտի կրնան գտնել։

Ներեցեք համարձակությանս, Սրբազան հայր, ասիկա անանկ աղոթք մէ, որ հայոց տուները էրելով կը մատուցաներ առ Սուրբ Աստվածածին, թե որ տիրամոր հաճո կը թվի, այս տեսակ աղոթքը, ինչո՞ւ կեցեր եք, բոլոր հայոց տուները կրակի տվե՛ք։

Ներեցեք համարձակությանս, Սրբազան հայր, այս անգամվան կոնիզման խիստ մեծկակ էր․ ասոր վրա քսան տարի ալ կոնիզմա չվառեք նե կըլլա։