Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԵՎԱՎԱՆ

Սա Բարևավանի թաղն ալ երբեք խաղաղության երես չպիտի տեսնա։

Բարևավանը ժամանակավ Հնարավանի նախանձելի օրինակ մը կուտար. իսկ հիմա Բարևավանը Հնարավանին հետևելու ստիպված է։

Երջանիկ Հնարավանի․․․

Թշվա՜ռ Բարևավան...

Եվ ի՞նչ է խնդիրը։

Բարևավանի ժողովուրդը և Թաղական խորհուրդը երկու անձ կը ներկայացնեն Պատրիարքարան և անոնց քահանա ձեռնադրվիլը կը պահանջեն։ Բարևավանի քահանաները ասոր դեմ կը կենան ըսելով, թե՝ այդ անձերը քահանա ըլլան նե խեղճ կըլլան չեն կրնար ապրիլ։

Բարևավանի ժողովուրդը ասոր կը պատասխանե, թե մենք այն քահանայացուներուն ապրուստ ճարելու համար սովորականեն ավելի հարսանիքներ կընենք, տղաքներ կունենանք, սովորականեն ավելի կը մեռնինք, այդ քահանաներն ալ հարսանիքի, կնունքի և մեռելի կը կանչենք և առատ նվերներ կուտանք։

Եկու տես որ Բարևավանի քահանաները խոսք չեն հասկնար, կը համառին կը մնան։

Բարևավանի տզգայինք ալ խոսք ըրեր են հիմա, որ ո՛չ կարգվին, ոչ զավակ ունենան և ոչ ալ մեռնին, որպեսզի Հնարավանի արդի քահանաներուն ստակ չտան։

Կրոնական ժողովը նկատողության առնելով այս կետերը, կըսվի, թե նկատողության առեր է խնդիրը։

Կրոնական ժողովո այս խնդիրը նկատողության առնելը մենք ես նկատողության առնելով կաղաչենք, որ ընթերցողներեն ալ նկատողության առնեն սա Բարևավանը։

Բարևավան, Բարևավան։