Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տես սա թատրոնի խնդիրը անուշիկ խնդիր դարձավ, եթե ասանկ ըլլալիքը առաջուց գիտնայինք, կստիպեինք Մաղաքյանը, որ երկու երեք տարի առաջ վարձեր Արևելյան թատրոնը, և այս հաշվով մինչև հիմա երկու երեք զավկի ալ տեր կըլլայինք։

Խե՜ղճ Հաճյան, ողորմելի Հակոբիկ, տեսա՞ր, իրավունք ունի՞մ եղեր քեզի սրճարանաց զվարճախոս կոչելուս համար, բայց ինչ և է, սա աղջիկտեսդ սկսե գրելու, որ կարդանք, քիչ մը զվարճանանք, հանճարդ փայլեցուր, բայց թե որ մեջը խնդալու բան մը կայ նե՝ հիմակվնե կաղաչեմ քեզի, ինչպես որ տարի մը առաջ աղաչեր էի Մամուլին, որ առաջուց իմաց տաս, որ խնդանք։ Բայց, իմ տարի մը առաջ ուրիշի ըրած խոսքս ինձմե առնելով ինձի կը դարձունես եղեր, վնաս չունի, թեպետ և քեզի պես հետևող մը ունենալը մեզ անպատվություն է, բայց ան ալ թող չտանք նե՝ բան մ՛ալ չպիտի կրնաս գրել։ Աղեկ խորհե, եթե Մաղաքյանին շատ իրավունք տալու համար երկու կնիկ առնել պետք ըլլա նե՝ ան ալ կընդունինք։ Մենք չենք ուզեր և ոչ մեկը իր իրավունքեն զրկելու։ Ասկից զատ, եթե Մաղաքյանը ամեն օր նոր նոր խնդիրներ հարուցանե, ըսել է, որ դուն ալ պիտի ստիպվիս ամեն օր ինձի համար աղջիկտես պտըտիլ։

Անանկ է նե՝ քիչ մը պտըտե նայիմ։