Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ

<4>

Ինչպես որ ծանուցած էինք մեր վերջին թվով, անցյալ շաբաթ գիշեր Կետիկ Փաշայի թատրոնը «Սև դղյակի ավերակները» անուն թատրերգությունը ներկայացուց։ Դերասանք ու դերասանուհիք խիստ հաջողակությամբ կատարեցին իրենց դերերը և հանդիսականաց, որոնցմով ծանրաբեռնյալ էր գետնահարկը ու վերնատունը, ինչպես նաև քսանի չափ օթյակներ, բուռն ծափահարությանց արժանացան։

Պարոն Նալյանը, որ մեծ դեր կը կատարեր, յուր դերին մեծությանը համեմատորեն մեծ «պրավո»-ներու արժանացավ։

Պարոն Նոչի, որ թատերաբեմի տնօրեն է և որ բան մը չխնայեց յուրաքանչյուր դերասանն իր ասպարեզին մեջ հառաջ մղելու համար, ի տես կանչվելով հանդիսականաց շնորհակալություններով ընդունվեցավ։

Թատրերգության թարգմանիչ պարոն աքմաճյան նույնպես հանդիսականաց կողմեն ի տես կանչվելով ծափահարվեցավ։

Հանդիսականը թե՛ խաղին ընտրությանը, թե դերասանաց հաջողակությանը և թե՛ խաղին պահանջած տեսարաններն ամենայն ճշտությամբ և գեղեցկությամբ տեսնելնուն վրա զմայլած, թատրոնի տնօրեն մեծապատիվ Հակոբ էֆենտի Վարդովյանն ի տես հրավիրեցին, ավելի սեր հայտնեցին քան թե շնորհակալություն․ բուռն ծափահարություններե ետք պսակով մը և զույգ մը աղավնիով օժտեցին զինք ու այնպես ետ դարձուցին։

Այս գիշեր, ինչպես ծանուցած ենք մեր վերջին թվով, Վիքթոր Հյուկոյի Թշվառները պիտի տրվի ի նպաստ պարոն Թ․ Ֆասուլյաճյանի։