Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որ Օրտուի մեջ.

— Անատոլուի Օրտուին մեջ։

— Բժի՞շկ էիր թե վիրաբույժ։

— Ո՛չ վարժապետ:

— Օրտուի մեջ ի՞նչ դաս կուտայիր եղբայր:

— Հայերեն, ֆրանսերեն, թվաբանություն, աշխարհագրություն և այլն և այլն:

— Ի՞նչ կըսես եղբայր, Օրտուի մեջ զորքերուն դաս կուտայիր ատոնք։

— Ո՛չ, բարեկամ. հայոց դպրատունը հայ տղայոց դաս կուտայի։

— Հասկցա՛. այսինքն Օրտու քաղաքին մեջ հայոց դպրատունը աշակերտներուն դաս կուտայիր, այնպե՞ս է։

— Այո՛, հոն դաս կուտայի։

— Շատ աղեկ, հիմա հասկցա․ է՛յ, աղեկ ա, հոն հայերեն ֆրանսերեն, թվաբանություն և այլն դաս կուտայիր ու հիմա ինչու հոս մինակ հայերեն դաս տալ կուզես։

— է՛յ, հոն օռտուլուխ էր. անանկ բաներու չէր նայվեր․ անոր համար ես ալ հոգ չէի ըներ, բայց հոս մանավանդ հիմա վարժապետները քննության չըքաշած աշակերտներուն երեսը չեն ցուցներ կոր։

— Ըսել է որ մինչև հիմա դաս տվածներուդ մեջ գոնե հայերենը գիտցած ըլլալուդ վրա վստահ ես:

— Ատոր տարակույս չունիմ։

— Շատ լավ. թեզի հիմա նամակ մը տամ, առ Այա-Սուլուքի դպրոցին հոգաբարձուներուն տար ու անոնց հետ սակարկուքիունդ ըրե, գործի սկսե, քանի որ վստահ ես քու գիտցածիդ վրա։

— Շատ աղեկ, հրամանքնիդ անհոգ եղիք. ես ձեր երեսը սև չեմ հաներ․

— Ավելի կը փափագիմ, որ քու երեսդ ճերմակ հանես:

— Ատոր համար կասկած պետք չէ՛:

Նամակ կառնե վարժապետը կերթա:

Ան կը ճամբես կերթա, կը նայիս ուրիշ մը կուգա։

— Պատիվ ունիմ ձեզ բարևելու մյուսյու:

Խոսքը կարճ ըլլալու համար Աստուծո բարին կըսես։

— Կը ներեք, եթե ձեր ազնվության ձանձրություն չըպատճառեր իմ նվաստությանս ունկնդրություն շնորհել փոքր ինչ ժա-