Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս Ծերենցը միություն կը քարոզե (իբր թե գործը երկու կողմեն բռներ է, եթե օր մը միություն գոյանա, պիտի ըսեն. «Ծերենցը քի՞չ աշխատեցավ այս մասին»: Եթե չգոյանա այս միությունը, դարձյալ պիտի ըսեն. «Ծերենցր քի՞չ աշխատեցավ»։ Միությունը ըլլա չըլլա Ծերենցր փառավորված է. Ծերենցին ալ ուզածը աս է։

Բայց ի՞նչ կըսե սա.

Պապերու վրա կը հարձակի և անով կը կարծե, թե կաթոլիկ հայերը պապերեն պիտի պաղեցնե և իրենց մորը գրկին դիմել պիտի տա։

Հա՛, հա՛, հա՛։

Ո՜վ Ծերենց, ժողովուրդը կրոնքին հետ կապված է և ոչ թե կրոնականին հետ. կրոնականին մոլար ընթացքեն ժողովուրդն յուր կրոնքեն չբաժնվիր, հետևապես, ձեր պապերուն վրա ըրած հարձակումով եթե ինքզինքնիդ միության առաքյալ կուզեր անվանել, մեծապես կը սխալիք, որովհետև, եթե այդ հարձակումներով կը հուսաք, որ կաթոլիկները հայ կըլլան, մենք ալ զայն հուսալու. իրավունք ունեինք, հայ թերթերն քի՞չ հարվածեր են իրենց կրոնականները, և ասոր համար ո՞ր հայն ելեր կաթոլիկ եղեր է։ Ժողաովրֆյան համոզումն կրոնին մասին է և ոչ թե կրոնականի մասին, օրինակի համար, իմ համոզումս սա է, որ այս ինչ պախալին պանիրը աղեկ է, և դու Ծերենց իմ համոզումս հերքելու համար ելեր ինձ կըսես, որ այդ պախալը գեշ բնություն մը ունի։

Ուստի, ժողովրդյան համոզումը հերքելու համար պապերուն դեմ եղած հարձակումները ոչինչ են․ բոլորովին պարապ են, և եթե Սողոմոն իմաստուն ողջ ըլլար ձեր հոդվածները, ո՜վ Ծերենց, «Ունայնություն ունայնությանց» ցանկի մեջ պիտի տեսնեիք և ոչ թե Մասիսին մեջ։

Ես այդ դրությունները կաթոլիկ կրոնականաց մեջեն մոլությունները վերցնելու նպատակով գրված կը համարիմ, եթե այդպես չհամարեի ընթերցողներիս պիտի ըսեին, թե Ծերենցը կաթողիկները հայ ընելու համար իր կաթոլիկ կրոնավորներուն վրա կը հարձակի կոր նե՝ ըսել է որ Թատրոնն ալ Հայերը կաթոլիկ ընելու համար երբեմն հայ կրոնավորաց դեմ կը գրե կոր։

Գաղղիացի թերթերն ու վիպասանները պապության և եզվիտության դեմ Ծերենցեն ավելի և շատ ավելի գրած են. արդյոք ասոնք ալ աշխարհիս վրա գտնված կաթոլիկները Հա՞յ ընելու համար դրած են այդ հարձակողական գրությունները։