Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի շարք երկրների կողմից ՀՀ նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, այլ ընդամենը 2 մասնավոր հարցի, այն է սահմանային 2 անցակետերի հնարավոր բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ուստի նման փաստաթուղթը պիտի ստորագրվի ոչ թե միջպետական կամ միջկառավարական, այլ միջգերատեսչական մակարդակով: Հայկական կողմից անցակետերը գործարկելու վերաբերյալ ստորագրողները կարող են լինել, օրինակ, Տրանսպորտի և կապի փոխնախարարը, ՊԵԿ-ի նախագահի մաքսային հարցերի պատասխանատու տեղակալը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Ոմանք կարող են ասել, որ այդ մակարդակով հնարավոր չէ: Հնարավոր է. ԱՄՆ – Թուրքիա միջպետական հարաբերությունները հաստատվել են ոչ թե միջազգային պայմանագրով, քանի որ Սենատը դեմ էր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց Վիլսոնի իրավարար վճռի իրականացման, այլ ԱՄՆ պետքարտուղարություն – Թուրքիայի ԱԳՆ միջգերատեսչական փաստաթղթով՝ 17 փետրվարի, 1927 թվակիր մոդուս վիվենդիով: Նույն ամերիկացիների օրինակով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կարելի է հաստատել երկիմաստություններից զուրկ, միանշանակ և զուսպ ձևակերպումներ պարունակող, միմիայն դիվանագիտական հարաբերություններ հաստատող միջգերատեսչական նոտայով: Եթե Թուրքիան հրաժարվի այդ մակարդակով և այդ ձևով առաջ ընթանալուց, ապա դա ցույց կտա, որ թուրքերի նպատակը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների թեկուզև մասնակի կարգավորումն է, այլ, մեզ դիվանագիտական ծուղակի մեջ գցելով, առավելագույն օգուտներ քաղելն ու մեզանից խորամանկորեն իրենց ցանկալի նախապայմանների իրականացումը կորզելն է:

Այս երկու մանր հարցերում էլ Միացյալ Նահանգները պարտավոր է թիկունք կանգնել Հայաստանին, քանի որ ՀՀ նախագահը գոնե այս տարի ԱՄՆ նախագահին պատրվակ տվեց չկատարելու իր ընտրողներին տված անսակարկ խոստումը:

26 ապրիլի, 2009թ.